Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոլցո» ռազմական գործողությանը համապատասխան քաղաքական և իրավական գնահատական չի տրվել

Մայիս 02,2012 11:11

1991թ. ապրիլի վերջին – մայիսի սկզբներին Ադրբեջանի ՆԳՆ հատուկ նշանակության միլիցիայի ջոկատները` (ՕՄՕՆ)  ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի աջակցությամբ սկսեցին պատժիչ գործողություններ, նպատակ ունենալով Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից հայաբնակ շրջաններից տեղահանել հայ բնակչությանը: Իրականացվեց «Կոլցո» լայնածավալ ռազմական գործողությունը, որն ուղղված էր Ադր. ՍՍՀ Խանլարի շրջանի Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի, Շահումյանի, Հադրութի և Շուշիի շրջանների որոշ գյուղերի հայ բնակչության վտարմանը:

Այդ գործողության արդյունքում ամբողջովին  դատարկվեցին,  հիմնահստակ ավերվեցին կամ ադրբեջանցիներով: բնակեցվեցին տասնյակ հայկական բնակավայրեր: Բռնատեղահանվեցին տասնյակ հազարավոր մարդիկ, սպանվեցին  հարյուրավոր հայեր: Իր ծայրահեղ դաժանությամբ և մարդու իրավունքների զանգվածային խախտումներով աչքի ընկած «Կոլցո» գործողության հետևանքով էր հենց, որ շեշտակիորեն սրվեց լարվածությունը տարածաշրջանում, և ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխվեց ռազմական հարթություն:

ԵԱՀԽ առաքելության 1992 թ. փետրվարի 28-ի  զեկուցման մեջ նշվել է` «1991 թ. ապրիլ-մայիս ամիսներին իրադրությունը հատկապես սրվեց, երբ խորհրդային բանակը Ադր. ՆԳՆ ստորաբաժանումների օգնությամբ տարածաշրջանի շատ գյուղերից տեղահանեց հայերին: Տեղահանությունն իրականացվել է առանձնահատուկ դաժանությամբ»:

«Կոլցո» ռազմական գործողության ընթացքում տեղի ունեցած դեպքերն  իրենց արտացոլումն են գտել միջազգային մի շարք կազմակերպությունների փաստաթղթերում,  դարձել լսումների թեմա` ՌԴ Գերագույն Խորհրդի մարդու իրավունքների կոմիտեում և գնահատվել Եվրախորհրդարանի և ԱՄՆ սենատի բանաձևերում:

Մոսկովյան «Մեմորիալ» միության իրավապաշտպան կենտրոնն արձանագրել է մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումներ. <Կոպտորեն խախտվել է  յուրաքանչյուր մարդու  կյանքի, ազատության, անձնական անձեռնմխելիության իրավունքը, կիրառվել են կտտանքներ, կատարվել` ինքնակամ կալանքներ և ձերբակալություններ, կատարվել են բազմաթիվ գույքային իրավախախտումներ: Բնակչության տեղահանումը կրել է զանգվածային  բնույթ: Այդ խախտումներին հատուկ ցինիկություն է հաղորդում այն փաստը, որ խաղաղ բնակչության նկատմամբ  զանգվածային բռնությունը կատարվել է հենց իրավապահ մարմինների կողմից: Այդ ամենի պատասխանատվությունն ընկնում է ինչպես Ադրբեջանի Հանրապետության ՆԳՆ և ՊԱԿ-ի բարձրագույն ղեկավարության, այնպես էլ ԽՍՀՄ ՆԳՆ, պաշտպանության նախարարության և ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի հրամանատարության վրա: Այդ հանցագործությունները ստվեր են նետում  նաև ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության վրա»:

1991 թ. մայիսի 1-ին ԱՄՆ սենատում ընդունվեց միաձայն որոշում, որով դատապարտվում էին «ԽՍՀՄ և Ադրբեջանի ղեկավարության կողմից ԼՂ, Հայաստանի և Ադրբեջանի հայազգի բնակչության դեմ կատարված հանցագործությունները»: Նրանում, մասնավորապես, դատապարտվում էին «Լեռնային Ղարաբաղում և  հարակից հայկական բնակավայրերում ու Հայաստանում անմեղ մարդկանց, կանանց և երեխաների վրա կատարված հարձակումները, ռազմական ուժի լայնածավալ կիրառումը, ինչպես նաև Հայաստանի արևելյան և հարավային սահմաններին անզեն բնակչության գնդակոծումները» և կոչ էր արվում «վերջ տալ շրջափակմանը,  ուժի գործադրման մյուս ձևերին, ինչպես նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված ահաբեկչությանը»:

Մայիսի 25-ին ՌԽՖՍՀ ժողովրդական պատգամավորների չորրորդ նստաշրջանում քննարկման դրվեց Հայաստանի և Ադրբեջանի մի շարք շրջաններում ստեղծված իրադրության շուրջ զեկույցի նախագիծը, որն էլ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվեց: Որոշման մեջ, մասնավորապես, նշվում էր, որ «համաձայն մարդու իրավունքների միջազգայնորեն ճանաչված նորմերի և  համաձայնագրերի` անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել խաղաղ բնակչության տեղահանումը, ազատ արձակել պատանդներին և զինված բախումների գործերով քննության տակ գտնվողներին հանձնել ԽՍՀՄ դատախազության վարույթ»:

Այդուհանդերձ, «Կոլցո» ռազմական գործողության ընթացքում թույլ տրված  հանցագործություններին  համապատասխան քաղաքական և իրավական գնահատական չի տրվել միջազգային հանրության կողմից, իսկ  կազմակերպիչներն ու կատարողները մնացել են անպատիժ: Այն նախադեպ դարձավ, որպեսզի Ադրբեջանը նոր ռազմական հանցագործություններ և անմարդկային գործողություններ  իրականացնի  հայազգի խաղաղ բնակչության նկատմամբ:

Առ այսօր բռնատեղահանված բնակիչները զրկված են սեփական տները վերադառնալու հնարավորությունից և չեն ստացել որևէ փոխհատուցում:

Ափսոսանքով պետք է արձանագրել նաև, որ «Կոլցո» ռազմական գործողությամբ տեղահանության ենթարկված ոչ մի հայկական գյուղ չի հիշատակվում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար միջազգային դիտորդների կողմից առաջարկվող և ոչ մի փաստաթղթում:

ԼՂՀ  ԱԳՆ  տեղեկատվական վարչություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031