Մայիսի 1-ը Նոյեմբերյանում շատ աշխույժ եւ տոնական էր: Քաղաքի Ազատության հրապարակը եւ հարակից զբոսայգին լեփլեցուն էին: Երեւանից ժամանած ծաղրածուն զվարճացնում էր նոյեմբերյանցի մանուկներին, երգիչներ Մհերի, Սոնա Շահգելդյանի, Արսեն Գրիգորյանի եւ հայտնի այլ երգիչների մասնակցությամբ կայացավ տոնական համերգ:
Քաղաքի Ազատության հրապարակում հավաքված Նոյեմբերյանի եւ Իջեւանի տարածաշրջանների հարյուրավոր բնակիչներին իր ելույթով զվարճացրեց նաեւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ում խոսքը կերկերուն էր` նման Տիգրան Սարգսյանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ունեցած, մեծ աղմուկ հանած ելույթին: Մարզպետը հայտարարեց, որ Նոյեմբերյանում մայիսի 1-ի տոնական միջոցառումը կազմակերպվել է Տավուշի մարզի թիվ 42 ընտրատարածքի (իրականում՝ թիվ 40) պատգամավորության թեկնածու Մարինե Մարաբյանի եւ այդ ընտրատարածքից գործող պատգամավոր Միքայել Վարդանյանի կողմից: Մարզպետ, ՀՀԿ Տավուշի մարզային խորհրդի ղեկավար Արմեն Ղուլարյանն իր ելույթում մի տեղ սխալ նշեց ՀՀԿ-ի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածուի ազգանունը՝ «Մերաբյան»:
Հաղթանակի գյուղապետ Վարդ Խաչատրյանը Միքայել Վարդանյանին հանդիսավոր կերպով հանձնեց Հաղթանակի համայնքի պատվավոր քաղաքացու կոչման հավաստագիր: Թիվ 40 ընտրատարածքից պատգամավորության թեկնածու Մարինե Մարաբյանն իր ելույթում ասաց, որ ԱԺ -ում իր առաջնահերթ խնդիրը լինելու է հայրենական արտադրության եւ գյուղացիության շահերի պաշտպանությունը, որ ինքը խորհրդարանում հանդես է գալու այն օրենքների եւ օրենքների նախագծերի դեմ, որոնք ներմուծողների համար Հայաստանը վերածում են սպառման շուկայի, այդ կերպ կրճատում տեղական աշխատատեղերը: Քաղաքի Ազատության հրապարակում մայիսիմեկյան տոնական, շքեղ համերգը շարունակվեց մինչեւ ուշ երեկո:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև