Ազատության հրապարակում «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների նախընտրական դաշինքի կողմից նախաձեռնած հանրահավաքի մեկնարկից առաջ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, պատասխանելով ռուսական ОРТ հեռուսատաալիքի թղթակցի հարցին, ասաց, թե իր գլխավորած կուսակցությունը արդար ընտրությունների անցկացման դեպքում նոր գումարման ԱԺ-ում մեծ ներկայություն կարող է ապահովել եւ կառավարություն ձեւավորող ուժ լինել, «իսկ եթե հանկարծ 20 տարվա մեր պատմության նման շարունակվի գողացված լինել ընտրությունները՝ «Ժառանգությունը» ժողովրդի հետ միասին դուրս կգա հրապարակ»։
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ՀՀ քաղաքացին մայիսի 6-ին պիտի ընտրի հենց «Ժառանգությանը»՝ Րաֆֆի Հովհաննիսյանն արձագանքեց. «Որովհետեւ «Ժառանգությունը» հավատում է հայ քաղաքացու թագավորությանը։ Մեզ համար ազատությանը սեփական հողում, ազգի ու պետության շահը հավասարազոր արժեքներ են։ «Ժառանգությունը» վերկուսակցական այլընտրանք է, մենք եւ «Ազատ դեմոկրատները» սովորական հայ քաղաքացիների հետ միասին ասում ենք, որ յուրաքանչյուր կուսակցական դրոշից բարձր կա մեր պետական դրոշը, ազգային շահն ու հայ մարդու իրավունքը սեփական երկրում։ Կարծում եմ, այդ եռամիասնությունը «Ժառանգությունն» ամենալավը կներկայացնի, եւ նրանք, ովքեր հետեւել են մեր կուսակցության գործունեությանն ԱԺ-ում եւ տեսել են, թե յոթ պատգամավոր ինչ գործունեություն են ծավալել խորհրդարանում հինգ տարվա ընթացքում, կարծում եմ չկա որեւէ ցուցակ, որն ավելի հաշվետու է, շիտակ եւ պատրաստ է ճարպը հանել կառավարության եւ ժողովրդի հետ մեկտեղ զարգանալ, հարստանալ եւ վերադարձնել իշխանությունը ժողովրդին»։
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ