Երեւանի թիվ 7 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանն արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովում բողոքարկել է թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կայացրած որոշումը: Հիշեցնենք, որ Ն. Փաշինյանը պահանջել էր նույն ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանի թեկնածության գրանցումը ուժը կորցրած ճանաչել՝ վկայակոչելով վերջինիս կողմից «Ընտրական օրենսգրքով արգելված գործողություններ կատարելու մասին» իրենց ձեռքի տակ եղած ապացույցները: Սակայն թիվ 7 ընտրական հանձնաժողովը Փաշինյանի բողոք-դիմումը ապրիլի 27-ին մերժել էր ներկայացված փաստերի հավաստիությունը ապացուցված չլինելու պատճառաբանությամբ:
Ն. Փաշինյանի լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանի խոսքերով, եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ նույն կերպ վարվի, ինչպես ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, ապա դա կնշանակի, որ ԿԸՀ-ն էլ է գործում ընտրական օրեսնդրությունից դուրս. «Այս դեպքում ոչ թե Սամվել Ալեքսանյանի, այլ իշխանական թեկնածուի հարցն է: Նույն պետական մարմինները , նույն ջանասիրությամբ կպաշտպանեն հանրապետականի բոլոր թեկնածուներին, ու այդ թեկնածուներն ինչ ապօրինություն էլ անեն, միեւնույնն է սատարելու են, փորձելու են այդ ապօրինությունները ցրեն, ծածկեն, բայց դա չի նշանակում, թե մենք մեր օրենքով տրված իրավունքներից չպետք է օգտվենք՝ նույնիսկ հաշվի առնելով հայկական իրականությունը»:
ԿԸՀ-ում բողոքի քննության օրը, այսօրվա դրությամբ, հայտնի չէ, բայց պարոն Հովակիմյանն ասաց, որ կարծում է, հանձնաժողովն այն կքննի ինչքան հնարավոր է շուտ՝ հաշվի առնելով, որ ընտրություններին մնացել են հաշված օրեր:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ «ՀԺ»-ից