ՀՀ քաղաքական կուսակցություններն իրենց նախընտրական ծրագրերում հիմնականում անդրադառնում են ՀՀ արտաքին քաղաքականությանը: Սակայն կուսակցությունների մեծամասնությունն իրենց ծրագրերում չեն նախատեսում Ջավախքի հետ կապված խնդիրների լուծում: Aravot.am-ը այս առնչությաբ մեկնաբանություն խնդրեց Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցից և ջավախեցի փորձագետ Ղևոնդ Մկրտչյանից խնդրեց մեկնաբանել նշված իրավիճակը: Պարոն Մկրտչյանը նկատեց. «Ջավախահայության խնդիրները միայն ջավախեցու խնդիրները չեն, դրանք համահայկական խնդիրներ են: Ջավախքի հայապահպանումը, ջավախահայի՝ իր հողին մնալու ցանկությունը, բարոյահոգեբանական վիճակն ազդում է ՀՀ ռազմավարության վրա»: Ալ.̈Էրոյանցն էլ նշեց. «Կարևորն այն է, որ այն ծրագրերը , որոնք ներառվել են կուսակցությունների քաղաքական ծրագրերում, կյանքի կոչվեն»:
Դառնալով Ջավախքի խնդիրների լուծման բնագավառում Հայաստանի դիրքորոշմանը Ղ. Մկրտչյանը փոքր-ինչ վրդովվեց. «Բավական է ջավախահայության հարցը համարենք դիլետանտության խնդիր: Ժամանակն է վերջ տալ Ջավախքի խնդրով սիրողական մակարդակով զբաղվելուն: Հարկավոր է վերանայել հայ-վրացական հարաբերությունները և վերադասավորել դրանք, քանի որ այսօր դրանք անհրաժեշտ մակարդակի վրա չեն»:
Aravot.am-ի այն հարցին՝ արդյոք հայկական կողմի պասիվության պատճառո՞վ էլ չէին վերջին միջադեպերը, Ալ. Էրոյանցը պատասխանեց. «Չեմ կարծում, որ մեր իշխանությունները չեն միջամտում ու փորձում անել հնարավորը այդ հարցերի լուծման համար: Օրինակ՝ մեր երկրի նախագահն ու բարձրաստիճան պաշտոնյաներն անընդհատ այցելում են Վրաստան ու բարձրաձայնում ջավախահայերի խնդիրների մասին: Դա անում են նաև մեր սփյուռքահայ բարեկամները: Վերջերս, երբ Սահակաշվիլին ԱՄՆ-ում հանդիպեց հայազգի սենատորների հետ, նրանք Վրաստանի նախագահի առաջ բարձրացրին Ջավախքի հարցը, և նախագահը խոստացավ այդ խնդրով զբաղվել: Հարցը ոչ այնքան մեր իշխանությունների կամ Սփյուռքի միջամտություն է, այլ այն, որ Վրաստանն ինքը պիտի ցանկություն ցուցաբերի այդ խնդրի լուծման կապակցությամբ»:
Կարդացեք նաև
Ղ. Մկրտչյանն էլ հակադարձեց. «Այսօր հայաստանյան իշխանությունները ջավախքյան խնդրին համապատասխան ուշադրություն չեն դարձնում: Օրինակ՝ ավտոմեքենաների՝ ՀՀ տարածք մուտքի առումով սահմանված ժամկետի գոյությունը՝ ըստ որի՝ 15 օրից ավելի այդ մեքենաներն իրավունք չունեն մնալ ՀՀ-ում վրացական համարանիշներով, փաստորեն ջավախքի բնակիչներին որևէ արտոնություն չի տալիս: Իսկ ինչո°ւ դա չեն անում…այդ հարցի պատասխանը չգիտեմ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ