Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. Շատերը կուզենային, որ ես Facebook-ում չլինեի

Մայիս 01,2012 16:06

Facebook-ում ակտիվ քաղաքական գործիչների թվում է ԿԳ նախարար, ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանը, որը դրա համար շատ է քննադատվում: Նախարարը գիտակրթական ոլորտի լուրեր է «կախում» իր Facebook-յան պատից, մամուլի հրապարակումների հղումներ տարածում, քաղաքական գործընթացների վերաբերյալ մեկնաբանություններ անում ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչների երգերի միջոցով եւ այլն:

«Մինչ ՀՀ ոստիկանությունը «մաքրում» է ընտրողների ցուցակները մեռյալ հոգիներից, առաջարկում եմ բոլորս մաքրենք մեր «ֆրենդերի» ցուցակները կեղծ օգտատերերից: Միասին կառուցենք անֆեյք Ֆեյսբուք»,- օրինակ՝ նախարարի այս զվարճալի հայտարարությունը վաստակել է 111 «լայք» եւ շատ քննարկվել:

Aravot.am-ը Արմեն Աշոտյանին հարցրեց՝ չի՞ նեղվում, որ ակտիվ «ֆեյսբուքահայ» լինելու արդյունքում ամենաշատն է նախատինքներ ստանում: «Երկու տարի առաջ երբ Facebook -ը եւ սոցիալական այլ ցանցեր քաղաքական գործոններ դարձան, հայաստանյան քաղաքական որոշ շրջանակներ եւ ԶԼՄ-ներ սկսեցին գերագնահատել դրանց դերը: Հիմա, երբ ես շատ ակտիվ ներգրավված եմ Facebook-ում, այլ քաղաքականություն են փորձում տանել, մոտավորապես այսպես՝ Facebook-ը պարապ մարդկանց տեղ է, այդ ի՞նչ տեղ է, որ…. Էդ ինչպե՞ս է, որ նույն մարդկանց համար սոցիալական ցանցերը քաղաքական փոփոխությունների եւ իշխանափոխության գործիք էին, շատ կարեւոր էին, իսկ երբ կրթության ոլորտի պատասխանատուն, իշխանավոր մարդն է այնտեղ մտնում, որը նախեւառաջ այդ էջում կրթագիտական ոլորտի նյութեր է տարածում, քննարկումներ է ծավալում, նամակներ ստանում եւ պատասխանում, դա դարձել է երկրորդային: Կրկնակի ստանդարտներ կան այստեղ»,- ասում է Արմեն Աշոտյանը:

Ըստ նրա՝ մեղադրել մարդկանց, որ Facebook-ում են՝ անլուրջ է. «Դա նույնն է, որ մարդուն մեղադրես, ասենք՝ բջջային հեռախոսով խոսելու, էլեկտրոնային փոստ ունենալու համար: Ես հասկանում եմ, որ շատերին խանգարում եմ Facebook-ում, իմ ակտիվությունը, այդ թվում՝ քաղաքական ակտիվությունը, ներքաղաքական ընդդիմախոսների սրտով չէ: Շատերը կգերադասեին, որ ես այնտեղ չլինեի կամ քաղաքականությամբ չզբաղվեի, բայց չէ՞ որ անհամաձայնություններն էլ բովանդակային կերպով պետք է հայտնել, ոչ թե այնկերպ, ինչը ծիծաղաշարժ է բոլոր այն մարդկանց համար, որոնք գիտեն տեխնոլոգիաների զորությունը, ասելիք ունեն եւ կարող են բաց ճակատով շփվել մարդկանց հետ թեկուզ Facebook-ում»:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ իրեն գրող ամենաերիտասարդ Facebook-յան օգտատերերի ցանկում անգամ 7 տարեկան մի տղա կա:

ԿԳ նախարարն ամեն դեպքում լուրջ չի վերաբերվում իր հասցեին Facebook-յան «մասով» հնչած քննադատություններին:

«Մի կողմից մարդիկ իշխանություններից պահանջում են հաշվետվողականություն եւ թափանցիկություն, մյուս կողմից՝ նրա արտահայտման առաջին իսկ նշույլների դեպքում փորձում են դատապարտել: Չեմ կարծում, որ պետք է այս ամեն ինչին շատ լուրջ վերաբերվել: Որոշ քաղաքական ուժեր սեփական ներկայությունը Facebook-ում ապահովելու համար հսկայական ֆինանսական եւ մարդկային կապիտալ են ներդրել, բայց երբ հանրապետական է այնտեղ ակտիվանում, մեզ փորձում են մեղադրել պարապության մեջ: Եթե սոցցանցերը պարապ մարդկանց համար տեղ են ու երկրորդական վայրեր եւ տեխնոլոգիա է, ապա ինչո՞ւ եք դուք՝ հարգելի գործընկերներ, հսկայական ռեսուրսներ ներդրել նույն դաշտում»,-ասում է նա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031