Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ փորձագետների՝ Վրաստանի խորհրդարանը մոտ ապագայում չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը

Մայիս 01,2012 15:17

Այսօր «Արմատ» ակումբում Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցը և ջավախեցի փորձագետ Ղևոնդ Մկրտչյանն անդրադարձան Վրաստանի խորհրդարանում Հայոց ցեղասպանության հարցի բարձրացման պատճառով ծագած միջադեպին: Մասնավորապես ընդդիմադիր պատգամավոր Ջոնդի Բագատուրիան հայտարարություն էր արել` նշելով, որ Վրաստանում բնակվող հայերը դիմել են խորհրդարանին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խնդրանքով: Նա նախատել է իր գործընկերներին, որ գործնականում միաձայն ընդունելով չերքեզների ցեղասպանությունը, նրանք առանց որեւէ բացատրության ձեռնպահ են մնում երիտթուրքերի իրականացրած ավելի արյունոտ Հայոց ցեղասպանության ճանաչումից: Այդ ժամանակ Մառնեուլի շրջանից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Ազեր Սուլեյմանովը մոտեցել է ամբիոնին, վերցրել դրա վրա դրված ջրով լի բաժակը եւ փորձել այն լցնել Բագատուրիայի վրա, սակայն դա նրան չի հաջողվել: Իսկ Բագատուրիան Սուլեյմանովի վրա է նետել իր գրիչը: Հայոց ցեղասպանության հարցը Վրաստանի խորհրդարանում փորձել է բարձրացնել նաև հայազգի պատգամավոր Արմենակ Բայանդուրյանը, սակայն նրա բարձրախոսն անջատված է եղել և ձայնը ոչ բոլորին լսելի:

Հայ բանախոսներն անդրադարձան Հայոց ցեղասպանության՝ Վրաստանի կողմից ճանաչման հարցում ազդեցություն ունեցող գործոններին: Ղևոնդ Մկրտչյանը, դառնալով Վրաստանի դիրքորոշմանը նշեց. «Արդար չէ Վրաստանի պասիվ կեցվածքը այն պարագայում, երբ թուրքերը Ջավախքում իրենց լկտի և ցինիկ են զգում»:  Ալիկ Էրոյանցն էլ Վրաստանի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման հարցի կապակցությամբ նկատեց. «Վրաստանի՝ Հայոց ցեղասպանության հարցի ճանաչումը կախված է քաղաքական և տնտեսական շահերի հետ և պայմանավորված վրաց-թուրքական, վրաց-ադրբեջանական հարաբերություններով»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ իսկ նշված հարցի լուծումն արդյո°ք կախված է նաև Հայաստանի դիրքորոշումից և քաղաքականությունից: Ղ. Մկրտչյանը պատասխանեց. «Վրաստանի հայաբնակ շրջաններում կարևորվում է հարցը և բարձրացվում: Այլ բան է, թե ինչպես են հայ բնակչության առաջնորդները հարցը բարձրացնում խորհրդարանում: Իսկ այստեղ կան բազում խնդիրներ, ընդհուպ մինչև Վրաստանի խորհրդարանում հայ պատգամավորների՝ վրացերենին լավ չտիրապետելու խնդիրը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031