Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Քիթը» հայկական բեմում

Մայիս 01,2012 14:46

 Ն. Գոգոլը համոզված էր, որ թատրոնում որպես կերպար կարող է հանդես գալ ծիծաղը: Երիտասարդ ռեժիսոր Սամսոն Մովսեսյանը ՀԹԳՄ բեմում բեմականացրեց Ն. Գոգոլի «Քիթ» ստեղծագործությունը, որտեղ ասես գլխավոր կերպարը գոգոլյան ծիծաղն է: Հատկանշականն այն է, որ ներկայացման մեջ ընդգրկված բոլոր կերպարները կանայք են, երեք դերասանուհի, բացառությամբ մայոր Կովալյովի, ով պարզապես պապյե-մաշեից պատրաստված տիկնիկ է:

Մռայլ ու միստիկ անտուրաժում ասես դեպի հանդիսատեսն են գալիս երեք սեղան-քվեատուփերը, որոնք իրենց սևությամբ միաձուլվում են ընդհանուր մթնոլորտին: Յուրաքանչյուր սեղանի առաջ նստած է իր տիրուհին. մեկը ծաղրածուական հանդերձով /Անաիս Սարդարյան/, մյուսը ԽՍՀՄ-յան հեղափոխականի նման անզարդ, գորշ հագուստով, ֆրանսիական կանացի գլխարկով, որը ծածկում է աչքերը և հանդիսատեսին զրկում նրա հայացքը տեսնելու հնարավորությունից /Սյուզաննա Հովհաննիսյան/, երրորդն էլ գեներալի համազգեստով և արևային մգեցված ակնոցով /Սոնա Մաթևոսյան/: Կանայք ամենուր են. նրանք ջանասիրաբար, արագորեն հասցնում են ուսումնասիրել իրենց առջև դրված փաստաթղթերը,խոսել օրվա գլխավոր իրադարձության շուրջ, ինչն է Կովալյովի քթի անհետացումը, անդադար կնիք դնել այդ նույն թղթերի վրա, ճշտել վերջինիս անհետացման ամսաթիվն ու պայմանները, հետո շատ արագ կերպարանափոխվել, հանդես գալ Կովալյովի կնոջ, միլիցիոների, վհուկների, վիրաբույժի և ի վերջո Քթի կերպարում: Այդ ամենը արվում է շատ վարժ, հումորով, գրոտեսկի մեջ: Ռեժիսորը վերոնշյալ ԽՍՀՄ-յան հեղափոխական տեսակը ներկայացնող դերասանուհու ձեռքն է տվել կոմունիստական ժամանակաշրջանում կիրառելի սրճաղացը, երևի թե այն ենթատեքստով, որ ամեն ինչ կաղացվի, կանցնի:

Մի՞թե այս կերպարների մեջ չեն երևում մեր ժամանակի բազմազբաղ տիկնայք, որոնք հաճույքով ու հմտորեն յուրացնում են տղամարդկային կերպարը, հարկ եղած դեպքում զրկելով տղամարդկանց` հոտառությունից:

Խեղճ անքիթ Կովալյով, որն առանց քթի շրջում է ու փորձում վերագտնել իր քիթը: Իսկ քիթը ոնց որ թե իրեն վատ չի զգում: Սոնա Մաթևոսյան-Քիթը շրջում է ՀԹԳՄի հարթակում, ձեռքերը հետևում պահած, գլուխը ներքև իջեցրած, նա մտորում է «Նապոլեոնի» գլխարկով, որի վրա, ի նշան հաղթանակի, դրոշի պես այս ու այն կողմ է ծածանվում կարմիր փետուրը: Թղթե տիկնիկը անզոր է մարդացած քթի դեմ: Քիթը կանգնել, հպարտ կեցվածքով տարուբերում է ձեռքերը, իսկ Կովալյովը օրորվում է նրա շարժումների ներքո: Գոգոլն ասում էր. «Նման իրադարձություններ լինում են աշխարհում, ոչ հաճախ, բայց լինում են»:

Ռեժիսորի միտքն էլ ընկալելի է. երբ կորչում է մարդկային հոտառությունը, մեկ քայլ է հեղափոխականից գեներալ, և կես քայլ` գեներալից ծաղրածու դառնալը:

 Սաթենիկ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031