Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահը «բուտիկների» մասին. «Տարո՛ն ջան, ինքդ էլ ես տեսնում, որ սա այդքան էլ գեղեցիկ չէ»

Մայիս 01,2012 14:30

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպման մեկնելիս կանգառ է ունեցել մայրաքաղաքի Մաշտոցի պուրակում: Հանրապետության ղեկավարը շրջել է պուրակում, դիտել նոր տեղադրված տաղավարները: Այնուհետև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացրել է իր դիտարկումները պուրակի հետ կապված, հորդորել քաղաքապետին` ապամոնտաժել կրպակները: «Տարո՛ն, Աբովյան փողոցը կրպակներից մաքրելը քո մեծ ձեռքբերումն է: Մեր բոլորի ձեռքբերումն է: Դու ճիշտ ես վարվել նաև մարդկանց սեփականության իրավունքի  հետ կապված հարցերում: Այո՛, չի կարելի անօրինականությամբ օրինականություն հաստատել: Եվ չի կարելի անօրինական գործողություններով հարմարավետություն ստեղծել: Ամեն ինչ շատ ճիշտ ես արել: Ճիշտ ես վարվել նաև այն առումով, որ ժամանակավոր որոշում ես կայացրել: Փաստորեն, 2-3 տարում այստեղից պետք է հանվեր այս ամբողջը, բայց, Տարո՛ն ջան, ինքդ էլ ես տեսնում, որ սա այդքան էլ գեղեցիկ չէ: Նորից եմ կրկնում՝ քաղաքապետարանը շատ արդյունավետ է աշխատել: Ճիշտ որոշում եք կայացրել, բայց, իրոք, գեղեցիկ չէ, և լավ կլինի, որ ձևը գտնես, այս ամենն ապամոնտաժեք: Սա կլինի շատ ճիշտ որոշում: 2-3 տարի այս պատկերը չի կարող մեր «աչքը շոյել», իսկ մենք ասել ենք, որ ամբողջ Երևանում աչք շոյող կառույցներ պետք է լինեն, կրկնում եմ՝ օրինական ճանապարհով»,-մասնավորապես ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարին է մոտեցել նաև Մաշտոցի պուրակի բնապահպան ակտիվիստներից մեկը և Նախագահի կարծիքը հարցրել պուրակում ժամանակավորապես տեղադրված տաղավարների մասին: Սերժ Սարգսյանը տեղեկացրել է իր մոտեցման և քաղաքապետին տված ցուցումի վերաբերյալ՝ միաժամանակ ընդգծելով. «Այո՛, մեզնից յուրաքանչյուրը ցանկանում է, որ իր քաղաքը գեղեցիկ լինի, որ բոլոր բնապահպանական կանոնները պահպանվեն, բայց այդ ամբողջը պետք է անենք օրինական ճանապարհով: Սա՛ է իմ մոտեցումը»:

Նախագահ Սերժ Սարգսյանը Մաշտոցի պուրակում իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանների աշխատանքը ևս բարձր է գնահատել, շնորհակալություն հայտնել և ընդգծել, որ հասարակական կարգի պահպանման ուղղությամբ նրանք մի քանի քայլ առաջ են գնացել, ու դա տեսանելի է ինչպես իր, այնպես էլ մեր ամբողջ հանրության համար: Սերժ Սարգսյանը հորդորել է ոստիկաններին ձեռք բերվածը բավարար չհամարել, կանգ չառնել և անընդհատ կատարելագործվել:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031