Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանը` դարձյալ ոչ ազատ մամուլ ունեցող երկրների շարքում

Մայիս 01,2012 14:22


Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատությունն աշխարհում» ամենամյա զեկույցը, որը հիմնված է 2011 թվականի իրողությունների վրա։ Փաստաթղթում Հայաստանը դարձյալ ներկայացվում է որպես ոչ ազատ մամուլ ունեցող երկիր։ 

197 երկրներից 66-ը Freedom House-ը համարել է ազատ, 72-ը` մասամբ ազատ եւ 59-ը` ոչ ազատ: Նախորդ տարվա համեմատությամբ համալրվել է մասամբ ազատ երկրների շարքը:

Հայաստանի ցուցանիշներն այս տարի չեն փոխվել. ինչպես նախորդ տարի` 65 միավորն է բնութագրում երկրում մամուլի ազատությունը, այն դեպքում, երբ վատթարագույնը համարված Հյուսիսային Կորեան ունի 97 միավոր:

Հայաստանը այս տարի տեղ է գրավել Անգոլայի եւ Պակիստանի միջեւ։

Ոչ ազատ երկրների շարքում իրավապաշտպան այս կազմակերպության կողմից Հայաստանը դասվում է սկսած 2002 թվականից, երբ եթերազրկվեց «Ա1+» հեռուստաընկերությունը, իսկ մինչ այդ մասամբ ազատ պետությունների շարքում էր:

Հարավային Կովկասում Հայաստանից ավելի լավ ցուցանիշներ ունի միայն Վրաստանը. այս երկիրը 3 միավորի առաջընթաց է ունեցել նախորդ զեկույցի  համեմատությամբ` 55-ից բարելավել է դիրքերը 52-ի, եւ Freedom House-ը տարածաշրջանում ամենանշանակալի առաջընթացը հենց Վրաստանում է արձանագրել։ Այս գնահատականի համար հիմք են հանդիսացել նոր պարբերականների հիմնումը եւ հաճախ կառավարության հասցեին քննադատությամբ հանդես եկող մեդիա ընկերությանը նոր հեռուստաալիքի արտոնագիր տալը:

Հայաստանից ավելի լավ դիրքերում է նաեւ Ուկրաինան, որը թեեւ նախորդ տարվա համեմատությամբ 3 միավորով հետընթաց է արձանագրել, այնուամենայնիվ, շարունակում է մնալ մասամբ ազատ երկրների թվում եւ գրավում է 59-րդ տեղը:

Ադրբեջանը մեկ միավորով հետ է գնացել ու 80 միավորով համարվում է ոչ ազատ մամուլ ունեցող երկիր։ Նույնպիսի արդյունք ունեն նաեւ Ռուսաստանն ու Զիմբաբվեն:

Ռուսաստանում մեդիայի նոր տեսակները փոքր-ինչ առաջընթաց են ապրել եւ մեղմել են կառավարության կողմից մեդիա դաշտի գրեթե ամբողջական գրավումը, սակայն այդ նվաճումները դեռ պետք է կոնսոլիդացվեն, նշում է զեկույցը:

Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայում զեկույցը ընդհանուր առմամբ հետընթաց է արձանագրում` վարկանիշային անկում են ապրել Հունգարիան, Մակեդոնիան եւ Ուկրաինան: Տարածաշրջանում նշանակալի բարելավում տեղի է ունեցել միայն Վրաստանում, Կոսովոյում եւ Մոնտենեգրոյում:

Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում, ըստ զեկույցի հեղինակների, նշանակալի  առաջընթաց է գրանցվել 2011 թվականին, ու չնայած դրան` այս տարածաշրջանը շարունակում է մնալ աշխարհում ամենավատ արդյունքներն ունեցողը: Լիբիան, Թունիսն ու Եգիպտոսը ոչ ազատ երկրների շարքից տեղափոխվել են մասամբ ազատ երկրների ցանկ, մինչդեռ Բահրեյնն ու Սիրիան գրանցել են հետընթաց մամուլի ազատության ոլորտում:

Մամուլի ազատության տեսակետից վատթարագույն երկրներն են Բելառուսը, Կուբան, Հասարակածային Գվինեան, Իրանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը եւ Հյուսիսային Կորեան, որտեղ ազատ մամուլ գոյություն չունի, քաղաքացիները հնարավորություն չունեն ազատ եւ անաչառ տեղեկատվություն ստանալ, իսկ այլախոհությունը ճնշվում է ազատազրկմամբ, կտտանքներով եւ այլ եղանակներով:

Freedom House-ը գնահատում է թե՛ տպագիր, թե՛ էլեկտրոնային եւ ինտերնետ մեդիայի ազատությունը մեկ տարվա կտրվածքով: Գնահատումը կատարվում է երեք ոլորտների հիման վրա` ուսումնասիրվում է իրավական դաշտը, որում գործում է մամուլը, քաղաքական ազդեցությունը հրապարակումների վրա ու տեղեկատվության մատչելիությունը:

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031