Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տիգրան Քոչարյան. Ինտելեկտն այն բանն է, որը կարող ենք «վաճառել»

Մայիս 01,2012 14:19

արխիվային լուսանկար

Այս պահին «Կոնգրես» հյուրանոցում ընթանում է ինտելեկտուալ խաղերի Հայաստանի դպրոցական առաջնությունը, որին մասնակցում են հայաստանյան 22 դպրոցական թիմեր՝ Երեւանից, Կապանից, Ստեփանավանից: Հաղթող երկու թիմ հնարավորություն կունենա մասնակցել Բելառուսում երկու շաբաթ հետո կայանալիք առաջնությանը: Առաջնության հարցերի հեղինակը Բելառուսի գիտակների լիգայի նախագահ Պավել Զաբավսկին է, որն արդեն երկրորդ անգամ է Հայաստանում անցկացնում ինտելեկտուալ խաղերի առաջնությունը: Հայաստանի գիտակների ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանը լրագրողներին ասաց, որ տարեցտարի ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր ոչ թե բջջային հեռախոսներով, այլ սեփական գիտելիքներով ապացուցելու բան ունեն. «Փորձում ենք երեխաներին կտրել փողոցից եւ այլ բացասական երեւույթներից, ինչպես նաեւ՝ նպաստել նրանց գիտելիքների զարգացմանը: Փորձը ցույց է տալիս, որ ինտելեկտն այն բանն է, որը կարող ենք «վաճառել»:

Արդեն 4-րդ տարին է, ինչ ԿԳ նախարարությունը հովանավորում է առաջնությունը: Ողջունելով մասնակիցներին՝  ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հորդորեց նրանց վայելել խաղը, քանզի դրա իմաստը ոչ թե հաղթանակն է, այլ ընթացքը. «90-ականներին ես եւ ընկերներս Երեւանի գիտակների ակումբում փորձում էինք պահել ինտելեկտուալ շարժման լավագույն ավանդույթները, եւ ուրախ եմ, որ այժմյան ինտելեկտուալ շարժումը համախմբել է նաեւ դպրոցականներին: Հավաստիացնում եմ, որ գիտելիքն է այն միակ արժեքը, որը երբեք չի արժեզրկվում, այն զենքը, որը միշտ ձեզ հետ է եւ տալիս է ապագայի բանալին»: Նախարարը հավելեց, որ նախարարությունը միշտ պատրաստ է առաջնությանը տրամադրել լրացուցիչ պարգեւատրումներ եւ խրախուսանքներ:

Թիմերը կմրցեն 3 փուլով՝ յուրաքանչյուրի ընթացքում պատասխանելով 15-ական հարցի: Երեւանը ներկայացնող թիմերից «Տորնադոն» երկրորդ անգամ է մասնակցում մրցույթին: Թիմի ավագ Նարեկ Հակոբյանն Aravot.am-ին ասաց, որ կարեւորը մասնակցությունն է, բայց հաղթանակն էլ չէր խանգարի. «Սա օգնում է տարբեր բնագավառներից գիտելիքներ ստանալ, բացի այդ՝ շատ երեխաներ սկսում են զբաղվել ընթերցանությամբ»:

Կապանի թիվ երրորդ միջնակարգ դպրոցի գիտակների թիմն առաջին անգամ է մասնակցում առաջնությանը: Թիմի ավագ Էդուարդ Հովհաննիսյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ պատրաստվել են մրցույթին՝ պարբերաբար ուսուցիչների գլխավորությամբ մասնակցելով պարապմունքների, զբաղվելով ընթերցանությամբ. «Նաեւ ինտերնետից ենք օգտվել: Թիմերի առատությունը նշանակություն չունի, իմ կարծիքով՝ բոլորս հավասար հնարավորություններ ունենք: Տարիքն էլ դեր չի խաղում, որովհետեւ եթե երեխան պատրաստված է, ուրեմն կարող է հաղթել»:

Առաջիկայում կանցկացվեն ինտելեկտուալ խաղերի երիտասարդների եւ մեծահասակների առաջնություններ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031