Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր բացահայտում՝ գրքագիտության բնագավառում

Մայիս 01,2012 13:44

Արգամ Այվազյանի մեկնաբանությունը՝ «Հայ հնատիպ գրքի մանրանկարման մի եզակի օրինակ» աշխատության վերաբերյալ

Օրերս լույս է տեսել ճանաչված հայագետ, մշակութաբան, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ նախագահի մրցանակաբաշխության 2010թ. հումանիտար գիտությունների մրցանակակիր Արգամ Այվազյանի «Հայ հնատիպ գրքի մանրանկարման մի եզակի օրինակ» աշխատությունը: Մասնագետը այս թեմայով սիրով պատասխանեց «Առավոտի» հարցերին:

– Պարոն Այվազյան, խնդրում ենք ներկայացնեք օրերս լույս տեսած Ձեր աշխատությունը:

– Այն գիտահանրամատչելի աշխատություն է՝ նվիրված  հայ տպագրության 500-ամյակին եւ Երեւան քաղաքը 2012 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն: Դա Սփյուռքում գտնվող մասնավոր եւ շատ կարեւոր մի հավաքածուի արժեքներին նվիրված չորս պրակներից առաջինն է, ամբողջովին նվիրված է 1680 թ. Վենետիկում տպագրված Ավետարանին: Գիտահանրամատչելի աշխատության նյութ ծառայած այս օրինակի եզակիությունը հայոց ձեռագիր մատյանների նման ծաղկող-մանրանկարչի կողմից նրա մանրանկարված լինելու փաստն է:

1680թ. Ավետարանի այս տպագիր օրինակը գրեթե գրչագիր մատյաններին բնորոշ սկզբունքներով ու եղանակով մանրանկարված է: Այսպես, այս օրինակում, մինչ գրքի անվանաթերթը՝ լրացուցիչ տեղադրվել է 12 չհամարակալված թերթ՝  24 էջ, որոնցից 22 էջերում  կատարված են 12 Տերունական (Ավետում, Ծնունդ, Ոտնլվա, Մկրտություն, Նվիրաբերում, Քրիստոսի մուտքը Երուսաղեմ եւ այլ) եւ 10 համաբարբառային մանրանկարներ: Վերջիններս 3 տեղից՝ թելկարով միացված են գրքին (պրակամամուլներին): Գրքի  550  էջերից, այս օրինակում, մանրանկարիչ- ծաղկողը 6-րդ էջից սկսած՝ մանրանկարել է 280-ից ավելի  էջեր, 91 լուսատու տառերից գունավորել է 53-ը, 12 վերջնազարդերից՝ 2-ը: Գրքի լուսանցքներում ծաղկողը  մանրանկարել է 550-ից ավելի զարդեր (էջերում 1-2 հատ), որի 250-ից ավելին բուսազարդեր են, 45-ը՝ մարդկային եւ մնացածն այլ պատկերներ ու զարդարումներ:

Ավետարանը 1770-ական թվականներին  Զաքարիա ծաղկողի բավականին հմտավարժորեն եւ գունաշխարհի նրբերանգներով, ուրախ տրամադրությամբ կատարած մանրանկարների, ծաղկազարդումների շնորհիվ նախեւառաջ ձեռագիր գրքի տպավորություն ունի եւ ինքնին հետաքրքիր փաստ է հայ հնատիպ  գրքագիտության պատմության մեջ:

– Գրքի անվանաթերթի շրջադարձին նշված է, որ նրա տպագրմանը աջակցություն է ցուցաբերել ՀՀ պաշտպանության նախարարությունը: Ի՞նչ է, այլ պատկան մարմինները ցանկություն չե՞ն ունեցել աջակցելու:

– Ձեր հարցի երկրորդ մասին թույլ տվեք չպատասխանել եւ դա՝ այս պարագայում, ամենեւին չեմ կարեւորում: Կարեւորն այն է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն է դա գիտակցել եւ սիրահոժար աջակցել…

– Գիրքը պատկերազարդ է, քանի լուսանկար է հրատարակվել:

– Այն ամբողջովին գունավոր տպագրությամբ է: Նյութերն առաջին անգամ է, որ ներկայացվում են հայագիտությանը: Գրքի  280-ից ավելի մանրանկարված էջերից հրատարակվել են 214-ի վերատպությունները:

Զրուցեց ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031