Չինաստանի Տայուան քաղաքում ավարտվեց ըմբշամարտի օլիմպիական առաջին համաշխարհային վարկանիշային մրցաշարը, որտեղ Լոնդոն 2012-ի ուղեգրերի համար պայքարում էին 72 երկրների ներկայացուցիչներ:
Հայաստանի ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականները, որոնցից յուրաքանչյուրը յոթ քաշային կարգերից երեքում արդեն օլիմպիական խաղերի մասնակից ունի, մրցավայր գործուղել էր մնացած չորս քաշային կարգերի ներկայացուցչի: Սակայն Տայուանի մրցագորգը արգասաբեր չեղավ մեր մարզիկների համար:
Ազատ ոճում մեր հանրապետությունից առավել հաջող հանդես եկավ 74 կգ քաշային Մուսա Մուրթազալիեւը, որն արժանացավ մրցաշարի երրորդ մրցանակակրի կոչմանը: Սակայն դա բավարար չեղավ նաեւ օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու համար: Սովորաբար, ըմբշամարտում երկու բրոնզե մեդալակիր է լինում: Սակայն, քանի որ վարկանիշային այս մրցաշարում ուղեգիրը տրվելու էր միայն մեկին, այսպես կոչված, «մաքուր» երրորդ մրցանակակրին, նրանց միջեւ լավագույնին որոշելու համար լրացուցիչ գոտեմարտ էր անցկացվում: Եվ Մուրթազալիեւը վճռորոշ մարտում պարտվեց մրցագորգի տիրոջը:
Այս ոճի մեր մյուս ներկայացուցիչներն ավելի ցածր տեղեր զբաղեցրին: Ռուսլան Բասիեւը (120 կգ) յոթերորդն էր, Արթուր Բաղդասարյանը (60)՝ տասնչորսերորդը, իսկ Էդգար Ենոքյանը (96)՝ տասնհինգերորդը: Բասիեւն ու Ենոքյանը այս էլ երկրորդ վարկանիշային մրցաշարում չեն կարողանում Լոնդոն մեկնելու իրավունք նվաճել: Նրանց մնում է ընդամենը եւս մեկ փորձ: Իհարկե, եթե մարզիչները որոշեն այդ հնարավորությունը նրանց ընձեռել նաեւ Ֆինլանդիայում: Սակայն Էդգարի այս անհաջողությունները ինչ-որ չափով հասկանալի են: Թողնենք, որ նա, ի տարբերություն Բասիեւի, բնակվում է Հայաստանում եւ զրկված է տեղում մշտական մարզումային արժանի մրցակից ունենալու հնարավորությունից: Այդ բացը լրացվում է նրան ժամանակ առ ժամանակ հատկապես Վրաստան՝ ուսումնամարզական հավաքների ուղարկելով: Ենոքյանի «դժբախտությունը» անընդհատ հետապնդող վնասվածքներն են, որոնցից նա ոչ մի կերպ չի կարողանում խուսափել: Մեր ունեցած տեղեկություններով, Ենոքյանը միայն անցած տարի չորս անգամ վիրահատվել է, որին հաջորդել են ժամանակ պահանջող ապաքինումն ու վերականգնումը եւ միայն դրանից հետո աստիճանաբար մարզումների մեջ ներգրավվելը եւ համեմատաբար լավ մարզավիճակ ձեռք բերելը: Բայց ըմբիշը շարունակում է պայքարել:
Կարդացեք նաև
Չինաստանում ուղեգրերից անմասն մնացին նաեւ մեր դասական ըմբիշները, որոնք փոխարինել էին Սոֆիայում ձախողված իրենց թիմակիցներին: Չորս ըմբիշներից համեմատաբար հաջող կարելի է համարել 5-րդ տեղը գրաված 60 կգ քաշային Արամ Ջուլֆալակյանի մրցելույթները: Յոթերորդ հորիզոնական զբաղեցրին 55 կգ քաշային Ռոբերտ Կիրակոսյանը, որը Չինաստան մեկնել էր վճռորոշ փորձից առաջ հանգստանալու հնարավորություն ստացած Ռոման Ամոյանին փոխարինելու, եւ 84 կգ քաշային Տիգրան Սահակյանը: Իսկ Արթուր Մկրտչյանը (60 կգ) հանգրվանեց 17-րդ հորիզոնականում:
Տայուանում պայքարում էին նաեւ այլ երկրների դրոշի ներքո հանդես եկող հայ ըմբիշներ. Ալբերտ Բաղումյան-Աղասարյանը՝ Իսպանիայից, Արմեն Վարդանյանը՝ Ուկրաինայից, Շարուր Վարդանյանը՝ Շվեդիայից, Էդգար Բաբայանը՝ Լեհաստանից, Իլյա Սաֆարյանն ու Ռոբերտ Ավանեսյանը՝ Իսրայելից: Նրանք նույնպես չկարողացան օլիմպիական ուղեգիր նվաճել: Միայն Էդգար Բաբայանը երկրորդ բրոնզի արժանացավ, որը, ինչպես Մուսա Մուրթազալիեւի պարագայում, վարկանիշ չէր:
Մայիսի 4-6-ը Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում անցկացվելու է ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարը, եւ մեր երկու հավաքականների ըմբիշներն էլ պիտի անեն անհնարինն արդեն վաստակած ուղեգրերի քանակն ավելացնելու համար:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ