Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դատախազը գործ է սարքում՝ թաքցնելով փաստաթղթերը

Մայիս 01,2012 13:35

Լյուդվիգ Սաֆարյանի ոդիսականն սկսվեց այն պահից, երբ տարաձայնություններ ունենալով ընտանիքի անդամների հետ՝ դուրս եկավ տնից: Երեւան, Դուրյան 46 շենքի 31-րդ բնակարանը, որ ժառանգել էր իր ծնողներից, թողեց կնոջն ու երկու երեխաներին, իսկ ինքը բնակարան վարձակալեց:

Տարիքն առած տղամարդը, իր ձեւակերպմամբ՝ իրեն ոչ սազական պատմությունների մեջ չէր ներքաշվի, եթե պատահականության բերումով չիմանար դստեր ամուսնության լուրը, որը նախկին կինն ու երեխաներն իրենից թաքցրել էին: Վիրավորված, որ միակ դստերն ամուսնացրել են առանց իրեն տեղյակ պահելու, Լյուդվիգ Սաֆարյանը որոշում է համարժեք քայլ ձեռնարկել եւ 2009-ի մայիսին քաղհայցով դիմում է դատարան՝ իր հայրական տնից, որի համասեփականատերն է, բաժնեմաս ստանալու պահանջով:

Սաֆարյանի քաղհայցն անակնկալի է բերում նախկին կնոջը՝ Ժաննա Հարությունովային: Վերջինս էլ՝ իր հերթին, նախկին ամուսնու դեմ հայտարարություն է տալիս Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում, թե, իբր՝ Լ. Սաֆարյանը, որպես ձեռնարկատեր, պետությունից խոշոր չափի հարկեր է թաքցնում: Հայցադիմումում Ժաննան նշել է, որ իր եւ Լ. Սաֆարյանի համատեղ սեփականությունը հանդիսացող, 1995 թվականից գործող «Սոդք» ՍՊԸ-ից եկամուտ է ստացել բացառապես նախկին ամուսինը, իսկ ընտանիքը՝ ոչ մի լումա: Հետեւապես պահանջել է, որ իր բաժնեմասի արժեքը հաշվանցեն որպես ՍՊԸ-ից ստացած շահույթ: Ասել է, թե՝ ի չիք դարձնել բնակարանից մաս ունենալու Լ. Սաֆարյանի պահանջը:

«Սոդք» ՍՊԸ-ն զբաղվել է մանրամեծածախ առեւտրային գործունեությամբ եւ գործարքների արդյունքում 500 000 դրամի գերավճար ունեցել: Գերավճարը վերադարձնելու նպատակով հարկային մարմիններում Սաֆարյանին առաջարկել են քիչ-քիչ վճարելու պայմանով շարունակել աշխատանքը, որի ընթացքում գերավճարը կհաշվանցվի:

Այդ ընթացքում Լյուդվիգ Սաֆարյանը համատեղության կարգով հաշվապահություն է արել նաեւ Մալյան 13/1 հասցեում գործող հացի փռում, որի գործադիր տնօրենի՝ Մարատ Մարգարյանի եւ իր փոխադարձ համաձայնությամբ փուռն աշխատել է «Սոդքի» անվան տակ: Ըստ Ժաննա Հարությունովայի հայտարարության՝ հենց այս փռից էլ իր երբեմնի ամուսինը խոշոր չափի գումարներ է թաքցրել պետությունից: Տիկնոջ հայտարարության հիման վրա Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում նախապատրաստվող նյութերով նշանակվել է ստուգում, որի կատարումը հանձնարարվել է հարկային մարմինների մասնագետներին: Ստուգումների արդյունքում բացահայտվել է թաքցրած ութ միլիոն դրամը եւ Լ.Սաֆարյանին մեղադրանք առաջադրվել ՀՀ քրօրի 205 հոդվածի 1-ին մասով:

Արտադրամասի գործունեությանը վերաբերող բոլոր փաստաթղթերը տիկին Ժաննան հանձնել է իր եւ Լյուդվիգի որդու՝ Արայի ընկերոջը՝ դատախազ Արսեն Կոստանդյանին: Իսկ դատախազը դրանք թաքցրել է արտադրամասում ստուգում իրականացնող տեսուչներից՝ անուղղակիորեն ստիպելով նրանց հիմք ընդունել վկաների բանավոր հայտարարությունները: «Նրանց ստիպել են, որ ասեն, թե՝ 95 դրամ ինքնարժեքով օրական 1200 հատ հաց ենք արտադրել, բայց ցույց տվել 500-ը: Տեխնիկապես դա անհնար է, որովհետեւ փուռն ընդամենը երեք վառարան ունի, որոնցից յուրաքանչյուրը 15 րոպեում 8 հաց է թխում: Ցանկության դեպքում անգամ հնարավոր չէր մեկ հերթափոխի ընթացքում 1200 հաց արտադրել: Միայն այն, որ հացի ինքնարժեքը հաշվարկել են ոչ թե կգ-ով, այլ հատաքանակով, արդեն տնտեսագիտական կոպիտ սխալ է»,- ասաց Լ. Սաֆարյանը:

Հիշատակման արժանի մի դիտարկում եւս. եթե խոսքը հարկերից խուսափելու մասին է, ապա մեղադրանքի վեկտորը տրամաբանորեն ուղղվում է տվյալ արտադրության սեփականատիրոջ կողմը, որը այդ ընթացքում ձեռք է բերում հացի փուռ, բնակարաններ, թանկարժեք ավտոմեքենաներ: Մինչդեռ հայրենի արդարադատությունը, սեփականատիրոջ արարքում հանցակազմ չտեսնելով, դադարեցրել է նրա նկատմամբ քրեական հետապնդումը՝ մեղքի ամբողջ պատասխանատվությունը բարդելով վարձով ապրող հաշվապահի գլխին: Ստացվում է, որ Մարատ Մարգարյանն իր սեփական հացի փուռը աշխատեցրել է ոչ թե իր եւ իր ընտանիքի բարօրության համար, այլ հաշվապահ Լյուդվիգ Սաֆարյանի համար՝ վերջինիս հանձնելով իր բիզնեսի ողջ եկամո՞ւտը:

Առաջին ատյանի դատարանում այս փաստն ուշադրության չի արժանացել, անտեսվել է նաեւ փռի սեփականատիրոջ հայտարարությունն այն մասին, որ «Սոդքի» հիմնադիրները ոչ մի ներդրում չեն կատարել, հետեւապես՝ որեւէ կապ չէին կարող ունենալ շահույթի հետ: Դատախազի կողմից քանիցս առարկության են արժանացել նաեւ Սաֆարյանի շահերի պաշտպանի՝ կրկնակի փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունները, որոնց իրականացումով «փաստաթղթերի եւ այլ տեղեկությունների տրամադրման պայմաններում, փորձաքննությամբ հաշվարկված ընկերության հարկային պարտավորությունների չափը կարող է ենթարկվել փոփոխության»,- նշված է փորձագիտական եզրակացության մեջ:

Նախաքննությունից թաքցնելով իրական փաստաթղթերն ու արհեստական որոգայթ լարելով իր ընկերոջ հոր նկատմամբ, դատախազը, Լ. Սաֆարյանի ձեւակերպմամբ՝ դատական շոուների շարք է բեմադրել, որտեղ ինքն ասողն էր, դատավորները՝ կատարողները:

Դատարանը Լյուդվիգ Սաֆարյանին դատապարտել է 2 տարվա ազատազրկման եւ հակառակ նրա կամքին՝ կիրառել համաներում: Վերաքննիչ դատարանը վճիռը թողել է անփոփոխ: Իսկ Վարչական դատարանը որոշել՝ հօգուտ պետբյուջեի Սաֆարյանից բռնագանձել պետությանը հասցրած վնասը: Բայց թե ինչու կալանք չի դրվել Սաֆարյան ընտանիքին պատկանող տան վրա, որն, ի դեպ, խնդրել ու պահանջել է հենց ինքը՝ Լյուդվիգ Սաֆարյանը, գոնե վերջինիս համար հասկանալի է. «Իմ դեմ արհեստական գործ սարքելով՝ նախկին կինս ու տղաս՝ Արան, դատախազ Ա. Կոստանդյանի միջոցով վերժխնդիր են լինում՝ փորձելով խլել հայրական տնից իմ հասանելիք մասը»:

Սաֆարյանը պատրաստվում է դիմել Վճռաբեկ դատարան, թեեւ էական ակնկալիքներ չունի:

Հաջորդ քայլը՝ Եվրոպական դատարանն է, որտեղ կներկայանա հայրենի արդարադատության անօրինականության մասին հայցադիմումով:

ՄԱՐԻԱՄ ԱՐՍԵՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031