Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրող Արմեն Դիլանյանի հիշատակին

Մայիս 01,2012 13:33

Երեկ Պրահայի Սրբ. Եղիա եկեղեցում տեղի ունեցավ «Ազատություն» ռադիոկայանի երկարամյա նախկին աշխատակից, վերջին տարիներին ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում բնակվող Արմեն Դիլանյանի հոգեհանգստի արարողությունը, որը կազմակերպել էր Պրահայի հայկական համայնքը՝ ի հիշատակ նրա անժամանակ կորստի։

Արարողությանը ներկա էին «Ազատություն» ռադիոկայանի տարբեր ծառայությունների աշխատակիցները, համայնքի ներկայացուցիչներն ու լրագրողի մտերիմ ընկերները: Հիշատակի խոսք ասաց «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանը։ Լրագրող Արմեն Քոլոյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ արարողությանը ներկա գտնվելու համար ու կարդաց «Ազատություն» ռադիոկայանի հասցեով ստացված բազմաթիվ ցավակցական հեռագրերը, այդ թվում՝ Րաֆֆի Հովհաննիսյանից, Հայաստանի տարբեր լրատվական կազմակերպություններից ու անհատ լրագրողներից։

Հոգեհանգստին հիշատակի խոսք ասաց նաեւ Պրահայում «Առավոտի» թղթակից Շուշան Ղազարյանը։

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, այս օրերին, Արմեն Դիլանյանի ունկնդիրները անկեղծ ցավով են արձագանքում նրա անժամանակ կորստի մասին գուժող անսպասելի լուրին։ Արձագանքում են տարբեր ու յուրովի։ «Արմենին սպանեց այս մարդասպան հայկական «գաղութը», եւ պատահական չէ, որ դա տեղի ունեցավ ապրիլի 24-ի օրը»,- գրել էր հայտնի քաղաքական գործիչ Արմեն Զատիկյանը Լոս Անջելեսից։ «Ի՞նչ է նշանակում սպանել լրագրողին»,-տարակուսանքով հարցնում է Արմեն Դիլանյանի ունկնդիրներից Նադյա Դանիելյանը Վանաձորից։ Ես պատասխանեցի նրան. «Լրագրողին կարող է սպանել անգործությունը, պարապությունը, անպիտանության անարդար զգացումը։ Երբ լրագրողի տաղանդն ու նվիրումը, անկարելի սերը չեն ուզում նկատել, անտեսում են։ Սկզբում մեռնում է հոգին, իսկ սիրտը երկար սպասեցնել չի տալիս»։

Վերջին անգամ, երբ Գլենդելում տեսա Արմենին, շատ էր փոխվել։ Առաջվա խանդավառ, կյանքին, իր գործին սիրահարված, ծրագրերով ու անելիքներով եռուն մարդը չկար։ Աշխատում էր, ինչպես ինքն էր ասում՝ «ծերերի մանկապարտեզում», իր ծերերի պես ծերացած էր ու կոտրված։ Հոգին կարծես հեռացել էր, եւ սիրտը երկար սպասեցնել չտվեց։

Մի երկու-երեք ամիս առաջ նկատեցի, որ չի երեւում սոցիալական ցանցերում։ Չի արձագանքում իմ այս կամ այն կարծիքին։ Նամակ գրեցի, չպատասխանեց։ Զանգահարեցի տուն, եւ իմացա ահավորը. հունվարի վերջին, իր հրաժեշտի հեռուստատեսային հաղորդումից հետո, անջատել էր ամեն ինչ, հեռացել էր սոցիալական ցանցերից, փակել ֆեյսբուքը, էլփոստը, անջատել էր սքայփը ու… փակել հաշիվները իր իմացյալ կյանքի հետ…

Արմենին սպանեց հայկական անտարբերության մթնոլորտը, միամիտ իշխանություն ստացած, տաղանդի հանդեպ ներքին արժեք չունեցող մարդկանց նախանձն ու չկամությունը։

«Ես չեմ պատկերացնում, որ Գլենդելում էլ են այդպես վարվում արդարության նկատմամբ։ Բա տարբերությունը ո՞րն է մեր երկրի ու ԱՄՆ-ի»,- զարմացած հարցնում է Արմեն Դիլանյանի հաղորդումների մշտական ունկնդիր Նադյա Դանիելյանը։ «Այդ երկիրը՝ ԱՄՆ-ն, կապ չունի հայկական գաղութի հետ»,– պատասխանեց Արմեն Զատիկյանը Գլենդելից։ «Հայերը, որ երկիր էլ որ գնան, ստեղծում են իրենց՝ «հայկական գաղութը» եւ ապրում են իրենց՝ «հայկական օրենքներով», Արմեն Դիլանյանի նման ազատախոհ ու ազնիվ մարդիկ շնչահեղձ են լինում այդ համակենտրոնացման ճամբարում եւ դառնում ավելորդ, իսկ ասածդ տարբերությունն ընդամենն այն է, որ ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Է, ՄԵՆՔ ՔԻՉ ԵՆՔ ՈՒ ՔՉԱՑՆՈՂ։ Իսկապես։ Մենք շատ ենք անփույթ մեր տաղանդների հանդեպ։ Եվ կորցնելուց հետո միայն, ավաղ, այսպես մեծարում ենք, ափսոսում, ապրելով մեղքի ու ապաշխարության ծանր զգացում։ Արմեն Դիլանյանը ընդամենը մեր մի կաթիլ սիրո կարիքն ուներ, եւ այդ դեպքում, միգուցե, մենք այս տխուր արարողության առիթը չունենայինք»,- ասաց Շուշան Ղազարյանը։

«Առավոտ» օրաթերթը ցավակցում է Արմեն Դիլանյանի ընտանիքին՝ ծանր կորստի կապակցությամբ:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031