Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանը պետք է վերականգնվի որպես բարձր տեխնոլոգիական երկիր

Մայիս 01,2012 13:31

Ամռան մեկնարկը մայրաքաղաքում լինելու է տեխնոլոգիական. հունիսի 15-16-ին կանցկացվի ԴիջիԹեք բիզնես-ֆորումը։ Տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) այս համաժողովում հանդիպում են գործարարն ու ՏՀՏ ծառայություններ մատուցողը, ծանոթանում տեխնոլոգիական ոլորտի նորագույն ձեռքբերումներին, որոնց ներդրումն էապես կարող է բարձրացնել բիզնեսի արդյունավետությունը։ Համաժողովի շրջանակում կանցկացվի ցուցահանդես 30-40 ընկերությունների մասնակցությամբ, երեք դահլիճներում զուգահեռ տեղի կունենան գործարար ներկայացումներ ՏՀՏ ծառայություններին նվիրված, ինչպես նաեւ կանցկացվի պրոբլեմային քննարկում ոլորտի խնդիրների վերաբերյալ: Ֆորումի գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը՝ Beeline):

Տնտեսության ցանկացած ոլորտի, այդ թվում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը մեծապես պայմանավորված է իշխանությունների ցուցաբերած մոտեցումներով՝ օրենսդրական բարենպաստ պայմաններ եւ դրանցից բխող կառավարության որոշումներ։ Առաջիկայում խորհրդարանական ընտրություններն են։ ՏՏ համայնքն ինչպիսի՞ խորհրդարան կցանկանա ունենալ, որպեսզի իր խնդիրներն առավելագույն արդյունավետությամբ լուծվեն։ Հարցին պատասխանելով՝ ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը բերում է Իռլանդիայի օրինակը. «Այսօր աշխարհի գրեթե բոլոր բարձր տեխնոլոգիական երկրներն իրենց ձեռնարկություններն ունեն Իռլանդիայում։ Մինչդեռ ընդամենը 30 տարի առաջ Իռլանդիան հիմնականում գյուղատնտեսական երկիր էր։ Այս երկրի, այսպես ասած, հայրերը ժամանակին պայմանավորվեցին եւ փաստաթուղթ ստորագրեցին այն մասին, որ ով էլ գա իշխանության, իրենց երկիրը պետք է տանի բարձր տեխնոլոգիական զարգացման, մարդկային կապիտալի օգտագործման ուղղությամբ։ Մեր հիմնական ակնկալիքը նոր ձեւավորվելիք խորհրդարանից այն է, որ բոլոր քաղաքական ուժերը, անկախ իրենց քաղաքական առաջնահերթություններից, ՏՏ զարգացման հարցում լինեն համակարծիք եւ Հայաստանը վերականգնեն որպես բարձր տեխնոլոգիական երկիր»:

Կ. Վարդանյանը կարծում է, որ պետք է փոխվի կառավարության կառուցվածքը, եւ ստեղծվի նորարարությունների կառավարման նախարարություն։ Կառավարության կազմում պետք է լինի նաեւ առանձին մարմին, որը պետք է զբաղվի միմիայն ռազմարդյունաբերության զարգացմամբ. «Այսօր ռազմարդյունաբերության հիմնական խնդիրն է երկիրն ապահովել ճշգրիտ զենքով, ինչը բխում է մեր ազգային անվտանգությունից։ Հատուկ պայմաններ պետք է ստեղծվեն, որպեսզի հատկապես մարզերում տեխնոլոգիական ընկերությունները շահագրգիռ գործունեություն ծավալեն։ Այստեղ հարցը միայն հարկային պայմանները չեն։ Խնդիրն այն է, թե որքանով նորընտիր խորհրդարանը կխրախուսի տեխնոլոգիական ձեռներեցությունը։ Տեխնոլոգիական ձեռներեցության զարգացումը մեծապես առնչվում է պետական բյուջեի հետ։ Այսինքն՝ պետությունը պետք է ներդրումներ անի, իսկ բյուջեն հաստատող խորհրդարանը պետք է ուշադիր լինի՝ որքանով է այն ուղղված տեխնոլոգիական ձեռներեցության զարգացմանը։ Մյուս հարցը, որ ակնկալում ենք նոր խորհրդարանից եւ կառավարությունից, այն է, որպեսզի իսկապես հայտարարված առաջնայնությունները լինեն առաջնայնություն։ PR նպատակներով այսօր ցանկացած ոլորտ հայտարարվել է առաջնային։ Հնարավոր չէ ամեն ինչ հայտարարել առաջնային, բայց իրականում ոչ մի առաջնայնություն էլ չունենալ։ Ազգային ժողովի քաղաքական ղեկավարությունը հստակ պետք է հայտարարի, թե ուր է ուզում գնալ, ինչպիսի երկիր ենք ուզում ունենալ 10 տարի հետո, եւ այդ երկրի պարամետրերը ոչ թե նախընտրական ծրագրերի տեսքով պետք է լինեն, այլ հստակ ձեւակերպումներով։ Ընդունված բոլոր օրենքներն ու կառավարության որոշումներն էլ պետք է ուղղորդված լինեն այդ նպատակների իրագործմանը»,- ասում է ԻՏՁՄ գործադիր տնօրենը:

ԱՆԻ ԱՅՎԱԶՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031