Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիսի 6-ին ոչ թե ընտրատեղամաս են գնալու, այլ ցույցի (Տեսանյութ)

Մայիս 01,2012 13:29

Ազատամարտիկի հարեւանները պատրաստ են ընտրությունները բոյկոտել,  տրակտորի տակ պառկել, անգամ ինքնահրկիզվել, եթե նրան զրկեն տնից:

Հարեւաններն ու մարտական ընկերներն օր ու գիշեր հերթապահում են, որ ազատամարտիկի շինությունը չքանդեն:

Բոլորը պատրաստ են ազատամարտիկի հետ ինքնահրկիզվել:

Ազատամարտիկ Ավետիս Խաչատրյանը որոշել է ինքնահրկիզվել, եթե նրա ընտանիքին զրկեն միակ կացարանից: Ազատամարտիկի հարեւաններն էլ, ի պաշտպանություն ազգի հերոսի, որոշել են միանալ այդ «ակցիային», եւ ինչպես վստահեցնում են հարեւաններն ու նրա մարտական ընկերները՝ «Ինքը հենց բենզինը լցնի վրան, մենք էլ մեզ ենք վառելու»:

Բանն այն է, որ արդեն 3-րդ օրն է՝ քաղաքապետարանի աշխատակիցները փորձում են քանդել Նոր Նորքի Գյուլի Քեսյան 29 հասցեի Ավետիս Խաչատրյանին պատկանող 1 հարկանի կիսակառույց շինությունը, որը ընտանիքի 9 անդամների միակ ապաստանն է, բայց հարեւաններն ու արցախյան ազատամարտին մասնակցած նրա ընկերները պայքարում են քաղաքապետարանի դեմ. օր ու գիշեր հսկում են տարածքը եւ թույլ չեն տալիս կիսակառույցին մատով դիպչել: Չնայած շինությունը օրինական չէ, բայց ինչպես «Առավոտի» հետ զրույցում հայտնեց Ավետիս Խաչատրյանը, մի քանի անգամ փորձել է այն սեփականաշնորհել, սակայն ամեն անգամ, որպես «մաղարիչ» հսկայական գումարներ են ուզել նրանից: Օրերս էլ Երեւանի քաղաքապետին բանավոր դիմել է՝ իրեն ընդառաջելու եւ կիսակառույցը օրինականացնելու համար, սակայն քաղաքապետը «չորով» հրամայել է քանդել այն:

Ավետիս Խաչատրյանի պատմելով՝ ինքը երբեք չէր դիմի նման քայլի. պարզապես նրան պատկանող բնակարանը վարկի դիմաց վերցրել են, իսկ այսօր երեխաներին ու անչափահաս թոռներին դրսում չթողնելու համար որոշել է շենքի հարեւանությամբ, մոտ 50 քմ տարածքով նախկին խանութի տեղում, 4 պատ շարել ու դրսում չմնալու համար ընտանիքը տեղափոխել այդտեղ. «Փորձեցի մի փոքր բիզնես սկսել, էն էլ չգիտեի՝ էդ եղած եկամուտով հարկայինի փողերը տայի՞, թե՞ բանկի վարկերը: Այնքան բարձր են տոկոսներն ու հարկերը, որ երկար չձգեցի: Այդ կիսակառույցն էլ ժամանակին մեր խանութն էր, դե հոդուրսը չէի՞նք մնալու, մտածեցի՝ սարքեմ, երեխաներիս տեղավորեմ: Հիմա իմ նախկին 2 սենյականոց բնակարանում վարձով ենք ապրում: Բայց մի օր էլ տան տերը կհանի»:

Այցելության պահին ազատամարտիկի հարեւաններն ու մարտական ընկերները շրջապատել էին «Առավոտի» թղթակցին՝ վրդովված իրենց զայրույթն էին արտահայտում. «Եթե այս տղայի գլխից մի մազ ընկավ, կամ էլ եթե մեկն ու մեկը փորձի էս 4 պատը քանդել՝ գնալու ենք՝ կառավարության շենքի մոտ առավոտից գիշեր ցույց անենք: Պետք լինի՝ տրակտորի տակ էլ կպառկենք: 3 անչափահաս երեխաներին թողել՝ գնացել է Ղարաբաղում կռվել, մեր անկախության համար արյուն թափել, հաշմանդամ դարձել, որ այսօր իշխանությունները մի հատ փոքր տարածքից էլ զրկե՞ն, անտուն թողնե՞ն: Բա էն որ շուրջբոլորը անօրինական բաներ են կառուցում, կազինոներ են սարքում՝ ջահելներին կործանում, բա ինչո՞ւ դրա դեմ չեն պայքարում, էս ազնիվ տղայի դեմ են պայքարում»:

Ուշագրավն այն է, որ ինքը՝ ազատամարտիկն իր սխրանքների մասին ոչ մի տող անգամ չասաց, միայն նշեց, որ արցախյան պատերազմի ժամանակ «Վիտյա Այվազյան» ջոկատի հրամանատարն է եղել եւ երկրապահ կամավորականների միության անդամ է: Փոխարենը մարտական ընկերներն ու հարեւանները, մեկը մյուսին հերթ չտալով ,պատմեցին Ավետիս Խաչատրյանի մասին. «Էս տղեն Ղարաբաղում վիրավորվել է, ուղարկում էին Երեւան՝ հոսպիտալ, չի եկել, մարտի դաշտը չի թողել: Ամենաթեժ կետերում է եղել: Ժամանակին եղել է ավագանու անդամ, բայց իր համար մի քոռ կոպեկ չի հավաքել, կարար, չէ՞, էն ժամանակ մի կտոր հող սեփականացներ, որ էսօր սենց օրը չընգներ: Բայց էնքան ազնիվ ու նվիրված մարդ է, որ թաղում բոլորին օգնել է, զոհված ազատամարտիկների ընտանիքներին ամեն ինչով աջակցում էր, որ գոնե այդ ձեւով էդ մարդկանց կորուստը մեղմվեր»:

Դեռեւս 2005 թվականին Ավետիս Խաչատրյանը դիմել էր Նոր Նորքի թաղապետարան՝ բնակպայմանների բարելավման կարիքավորների ցուցակում ընդգրկվելու համար: Թաղապետարանը նրա ընտանիքի 4 անդամներին ներառել է այդ ցուցակում, բայց մինչ այսօր «սայլը տեղից չի շարժվում»:

Բացի այն, որ ազատամարտիկին զրկում են 4 պատից, նրան նույնիսկ հաշմանդամության կարգ չեն տալիս, ինչպես ներկայացրեց Ավետիս Խաչատրյանը, պատճառաբանելով, որ իբր պատերազմի ժամանակ վիրավորվելուց հետո եթե գար հիվանդանոց՝ պառկեր, իրեն կտային «էպիկրիզ» ու հաշվի կառնեին եւ կուղեգրեին կարգ ստանալու. «Իսկ էն ժամանակ ես չուզեցի մարտի դաշտն ու ընկերներիս թողնել ու գալ հիվանդանոց պառկել: Մուրացանի հոսպիտալում 2007 թվականին ստուգեցին ու ասեցին՝ բան չկա: Բայց «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում երբ ստուգվեցի, էպիկրիզ տվեցին՝ ողնաշարի գրիժա, կանտուզիա, ձախ ականջս ընդհանրապես կարելի է չեղած համարել՝ մի հատ կպնում եմ՝ արյուն է գալիս: Չեն էլ ուզում հաշմանդամ ճանաչեն՝ ինչ է թե 2 կոպեկ թոշակ պիտի տան»:

Մեզ հետ զրույցում թեեւ հարեւանները պնդեցին, որ չեն ուզում այս միջադեպը քաղաքականացնել, սակայն վստահ հայտարարեցին, որ եթե իշխանությունները քանդեն ազատամարտիկի կիսակառույցը եւ չընդառաջեն նրան, Նոր Նորքի բնակիչներով մայիսի 6-ին ոչ թե ընտրատեղաս են գնալու, այլ կառավարության շենքի մոտ՝ ցույցի:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031