Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է դեմ փոփոխություններին

Մայիս 01,2012 13:06

Շաբաթ օրը ես գրեցի իմ կարծիքը Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում ստեղծված իրավիճակի մասին: Արձագանքը երկակի էր: Մի կողմից՝ «ինչո՞ւ Դուք չեք քաջալերում ուսանողներին, որոնք ընդվզել են իրենց ռեկտորին անարդարացիորեն աշխատանքից ազատելու դեմ»: Մյուս կողմից՝ «ինչո՞ւ Դուք չեք դատապարտում մի քանի զոլյանական դասախոսների կողմից «սրսկված» ուսանողների ցույցերը, որոնց նպատակն է վերականգնել նախկին ռեկտորի ժամանակ տիրող բռնապետությունը»: Պարզ է, որ շահագրգիռ կողմերը պետք է դրդեն ինձ, որ ես իրենց ներկայացնեմ սպիտակ, իսկ հակառակորդին՝ սեւ: Բայց իմ նպատակը դա չէ: Ինչպես այդ, այնպես էլ մնացած բոլոր դեպքերում իմ նպատակն է փորձել հասկանալ, թե ինչու է նման վիճակ ստեղծվել: Ինչո՞ւ է մեր կրթության որակը ցածր, ինչո՞ւ, օրինակ, ես, մի կիսամյակ շաբաթը երկու ժամ դասավանդելով այդ բուհի մագիստրատուրայում, ստանում էի ամիսը 20 հազար դրամ: Զոլյա՞նն է մեղավոր, Աշոտյա՞նը, ՀՀ նախագա՞հը, Բոլոնյան գործընթա՞ցը: Մեղավորների փնտրտուքի վրա սեւեռվելով՝ մենք երբեք ոչինչ չենք հասկանա եւ ոչ մի փոփոխության էլ չենք նպաստի: Ցանկացած խնդրի պատճառներն ավելի լուրջ են, ավելի խորը եւ բազմազան, քան որեւէ անհատի առաքինությունները կամ թերությունները: Բրյուսովի պարագայում ինձ, մասնավորապես, թվում է, որ պետական բուհը չի կարող խորհրդային իներցիայի ուժով լինել նախարարության «կանտորաներից» մեկը: Այն պետք է օրենքով օժտված լինի որոշակի ինքնուրույնությամբ, նաեւ՝ ֆինանսական:

Նույնը կարելի է ասել ցանկացած ոլորտի մասին: Հիշո՞ւմ եք, 2004 թվականի գարնանը «իզի» քարտերը վաճառում էին ձեռքի վրա, ստորգետնյա անցումներում, ամենաէժանը՝ 50 դոլարով: Արդյոք նման իրավիճակը կփոխվե՞ր, եթե պայքար ծավալվեր «ԱրմենՏելի» կամ Յորգուլասի դեմ: Ոչ, եթե պետք էր պայքար, ապա՝ միայն այդ օպերատորի մենաշնորհի դեմ: Երբ մենաշնորհը վերացավ, գներն էլ իջան, սպասարկումը լավացավ, կապի որակն էլ բարձրացավ: Եվ դա տեղի ունեցավ առանց ճվճվացողների, առանց մեղադրանքների եւ առանց «ռեժիմի փոփոխության»:

Այնպես որ՝ երբ ասում են, որ նրանք, ովքեր չեն բղավում, չեն ցանկանում, որ ինչ-որ բան փոխվի, սկզբունքային սխալ են թույլ տալիս: Հաճախ պատահում է ճիշտ հակառակը. հենց բղավողներն են, որ ձգտում են status quo-ի պահպանմանը՝ այն «փոքրիկ» տարբերությամբ, որ հենց իրենք են ուզում օգտվել այդ status quo-ից:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031