Ապրիլի 26-28-ը ՀՀ բնապահպանության նախարարությունը Կովկասի բնապահպանական տարածշրջանային կենտրոնի հետ համատեղ Տավուշի մարզի Կողբ գյուղից 8 կմ հեռավորությամբ, կուսական անտառում գտնվող «Զիկատար» բնապահպանական կենտրոնում հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ սեմինար անցկացրեց, որին մասնակցում էին տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, Վայրի բնության պահպանության հիմնադրամի, Տավուշի մարզի բնապահպանական ՀԿ-ների, անդամներ, Կողբ եւ Ջուջեւան համայնքներից 10-ական բնակիչ:
Տավուշի մարզի այս համայնքներում իրականացվում է համայնքային անտառկառավարման ծրագիր: «Զիկատար» բնապահպանական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Ղուլիջանյանն ասաց, որ բնապահպանական տարբեր խնդիրների վերաբերյալ այդ ոլորտի մասնագետները, ՀԿ-ները եւ լրատվամիջոցները հաճախ իրարամերժ տեսակետներ են ունենում, սեմինարի նպատակը լրագրողներին հատուկ պահպանվող տարածքների, անտառի վերաբերյալ տեղեկատվություն, գիտելիքներ տրմադրելն է: Ա. Ղուլիջանյանն «Առավոտի» թղթակցին ասաց, որ վերջին 20 տարում անտառը հավաքել է փեշերը, 90-ական թվականների զանգվածային անտառահատումների պատճառով անտառը նոսրացել է, դրա եւ կլիմայի համաշխարհային փոփոխության հետեւանքով փոխվել է անտառի որակական կազմը: Այսինքն՝ խոնավության պակասի պատճառով հաճարենին այժմ աճում է ավելի բարձր գոտում, իսկ ցածր գոտում նրան փոխարինում են նվազ արժեքավոր ծառատեսակներ, օրինակ՝ բոխին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև