Լրահոս
Օրվա լրահոսը

Լոկ խոստումներ, պոպուլիստական զեղումներ ու փքուն մաղթանքներով հագեցած կենացային ելույթներ

Մայիս 01,2012 11:21

Մայիսի 6-ին մնացել են հաշված օրեր։ Քարոզարշավի անցած 23 օրերի ընթացքում քաղաքական ուժերը, կարելի է ասել, ի ցույց դրեցին իրենց նախընտրական խոստումների ողջ զինանոցը՝ սկսած սարերը շարժելուց, 200 հազար աշխատատեղ ստեղծելուց, ավարտած թոշակների կրկնապատկմամբ ու խորհրդային տարիների պետական ունեցվածքի վերաազգայնացմամբ։ Սակայն հետեւելով ընտրություններին մասնակցող անխտիր բոլոր ուժերի քարոզարշավներին՝ դժվար է չնկատել, որ ոմանցում չկան երկրի համար կարեւորագույն ռազմավարական հարցերի շուրջ նոր հայեցակարգեր եւ հավատարժան ծրագրեր։ Լոկ խոստումներ են, պոպուլիստական զեղումներ ու փքուն մաղթանքներով հագեցած կենացային ելույթներ։ Մինչդեռ այսօր, ի թիվս այլ ռազմավարական կարեւորության հարցերի, Հայաստանը կանգնած է լրջագույն ժողովրդագրական աղետի սպառնալիքի առջեւ, որի դեմը չառնելու դեպքում, ընդամենը կես դար անց հարցականի տակ կհայտնվի մեր պետության լինել-չլինելն առհասարակ։ Հայաստանի ժողովրդագրության եւ Առողջության հարցերի Հետազոտությունը ՀՀ ազգային վիճակագրական ծառայության եւ առողջապահության նախարարության հետ համատեղ անցկացրած հետազոտության արդյունքում պարզել է, որ «մինչեւ 5 տարեկան երեխաների 19 տոկոսը թերաճ են կամ կարճահասակ իրենց տարիքի համեմատ, ինչը քրոնիկ թերսնուցման արդյունք է»։ Ըստ ՀԺԱՀ նույն զեկույցի՝ մենք համարվում ենք ծերացող ազգ, որի կանայք միջինը ունենում են ընդամենը 1,7 երեխա։

Ժողովրդագրական խնդիրների մասին ահազանգում է նաեւ ֆինանսների փոխնախարարը։ ՀՀԿ-ական Վարդան Արամյանի գնահատմամբ՝ Հայաստանը պետք է փոխի ժողովրդագրական վիճակը, որպեսզի հնարավոր լինի լուծել կենսաթոշակային համակարգի խնդիրները։ Այսօր այն դեֆիցիտային է, իսկ ապագայում վիճակն էլ ավելի է վատթարանալու։ Պատճառն այն է, որ Հայաստանը գնալով ծերանում է, եւ այդ ժողովրդագրական խնդիրն անդրադառնում է նաեւ ֆինանսական համակարգի վրա։ Պարզ ասած՝ երիտասարդները գնալով քչանում են, ծերերը՝ շատանում, ուստի առաջիններն այլեւս ի վիճակի չեն լինելու ապահովել վերջինների թոշակը։ Այդ պատճառով էլ պետությունը 2014թ.-ից ներդնելու է կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգը։ Ասել է թե՝ ՀՀ քաղաքացիներն առաջիկայում սոցիալապես էլ ավելի անպաշտպան են դառնալու, քանզի ծերությունն այլեւս բավարար պայման չի դիտվելու՝ թոշակ ստանալու համար։ Եթե այս ամենին գումարում ենք նաեւ Վրաստանի վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, ըստ որոնց՝ 1991 –2009թթ. Վրաստանից հեռացած 1 միլիոն քաղաքացիներն ամենաշատը մեկնել են Ռուսաստան եւ Հայաստան, ապա պարզ է դառնում, որ ժողովրդագրական առումով պատկերն աղետալի է նաեւ Ջավախքում։ Առավել եւս, որ ՀՀ տեղափոխված ջավախահայերի մեծ մասն էլ հետագայում մեկնում է Ռուսաստան։ Եվ ահա այսպիսի իրավիճակում Հայաստանի անվտանգության խորհուրդ կոչվող մարմնի անդամները՝ ԱԱԽ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԱԽ անդամ Գագիկ Ծառուկյանը եւ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, զբաղված են նախընտրական ժամավաճառությամբ:

«Ժողովուրդ»

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031