Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահ, յո՞ երթաս

Մայիս 01,2012 11:17

Բոլոր նրանց համար, ովքեր տարակուսանքներ ունեն երկրի նախագահի` հանրապետության մարզերում իրականացվող նախընտրական քարոզարշավի օրինականության առումով, հստակ է իրողությունը, որ նախագահի որդեգրած քաղաքականությունը` նախընտրական այցելությունները զուգորդել մարզեր կատարվող աշխատանքային այցերի հետ, ոչ միայն խոցելի է, այլև արդեն իսկ ակնհայտ է, որ այդ այցելությունների «աշխատանքային» հատվածն ինքնին, առանձնանալու փոխարեն, ամբողջությամբ նախընտրական քարոզչության առավել կարևոր բաղադրիչ է դառնում, քան քարոզչության բուն` երևացող հատվածը: Եվ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ «աշխատանքային այցերի» ընթացքում նախագահը համարյա պարտադիր կերպով ինչ-որ միջոցառումների և արարողությունների է ներկա լինում, որոնց ընթացքում զանազան կենտրոններ ու հանրային նշանակության օբյեկտներ են բացվում, արտադրություններ հիմնվում և այլն:

Ահավասիկ, մի քանի օր առաջ նախագահը աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր և մինչ նախընտրական քարոզչության սկիզբը, զուտ աշխատանքային այցելության ձևաչափում մասնակցեց «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հարստացուցիչ ֆաբրիկայի նոր մասնաշենքի բացման արարողությանը:

Մինչ այդ նա Լոռու մարզում «բացել» էր երկաթուղու  Զամառլուի կամուրջը, չնայած կամուրջը դրանից դեռ երեք ամիս առաջ սկսել էր շահագործվել: Իսկ ապրիլի 29-ին Գյումրիում նախագահը բացեց քաղաքային նոր մարզադաշտը: Եվ այդպիսի «տոնական» միջոցառումներն այնքան անվրեպ են զուգադիպում նախընտրական արշավի ընթացքում նախագահի մարզային այցելությունների հետ, որ մարդկանց այլ բան չի մնում անելու, քան ենթադրել, որ զուգադիպությունները նախապես (գուցե նույնիսկ ամիսներ առաջ, երբ ՀՀԿ անգո շտաբի «ղեկավարման» համար իր բարձր պաշտոնն էր թողնում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը) պլանավորված են եղել` դառնալով կուսակցական նախագահի քարոզչական արշավի ոչ լեգալ, սակայն կարևոր բաղկացուցիչը:

Ուրեմն` ՀՀԿ-ի ստրատեգներն ամիսներ առաջ են նախատեսել, որ հարկ կլինի հանրապետության տարբեր մարզերում ու բնակավայրերում նախապատրաստել մի իրավիճակ, երբ երկրի նախագահի«աշխատանքային» այցերը սահուն կերպով կդառնան նրա ու նրա քաղաքական թիմի «լուռ» քարոզչությունը, որն իր առարկայականությամբ թերևս ավելի պերճախոս է, քանի այն ճառերը, որ «Հավատանք, որ փոխենք»-ի պաստառների ֆոնին ընթերցում է նախագահը:

«Երկիր»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031