Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ-ն պետք է դիրքորոշվի՝ կասեցնելու համար սադրանքի հետագա էսկալացիան

Մայիս 01,2012 11:18

Ապրիլի 25-27-ին Տավուշի մարզի սահմանամերձ գոտում Ադրբեջանի բանակի հատուկ նշանակության ուժերի կազմակերպած լայնածավալ սադրանքները լուրջ անհանգստություն են առաջացրել ոչ միայն նախընտրական թոհուբոհի մեջ գտնվող Հայաստանի հասարակությանը, այլեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանում։
Չնայած դրան, ապրիլի 27-ի իրենց նախնական հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այդպես էլ չեն հստակեցրել, թե ովքե՞ր են եղել Դովեղ գյուղի մանկապարտեզը, քիչ անց նաեւ՝ երեք հայ զինծառայողներին ծուղակից գնդակոծած ուժերը, որոնց մասին անգամ ադրբեջանական կայքերն են հստակ տեղեկություններ հաղորդում։
Ակնհայտ է դառնում, որ դրանք Ադրբեջանի սահմանապահ զորքերը չեն։ Լայնածավալ սադրանքի կազմակերպման առաջադրանքով այդ նպատակով նախապես Ղազախ են ուղարկվել հատուկ ջոկատայիններ, որոնք ունեցել են նման գործողությունների դիմելու համար անհրաժեշտ պատրաստություն։
Իսկ սա նշանակում է, որ Տավուշի մարզի սահմանամերձ գոտում ներկայումս ստեղծված լարված վիճակը Ադրբեջանի բարձր ղեկավարության անմիջական հրահանգի հետեւանք է, մի բան, որ փաստորեն չեն հերքում անգամ այդ երկրի էլեկտրոնային ԶԼՄ-ները։
Փաստորեն իրենց հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դրսեւորել են վերին աստիճանի «դիվանագիտական» մոտեցում, որը միանգամայն ձեռնտու է սադրանքներ հրահրող կողմին, տվյալ պարագայում՝ Ադրբեջանի բարձր ղեկավարությանը։ Համանախագահները կոչ են արել պահպանել հրադադարի վերաբերյալ1994 թվականի որոշումը, «ձեռնպահ մնալ պատասխան գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա էսկալացիայի»։
Դրանից հետո երեկ՝ ապրիլի 30-ին, նույն գոտում մոնիտորինգ են իրականացրել ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչները, որի ընթացքում հակառակորդն իրեն հանգիստ է պահել։
Ավելին՝ հայտնի է դարձել, որ հետին թվով, այսինքն՝ իբր թե ապրիլի 26-ին, Ադրբեջանը «բարի կամք» է դրսեւորել՝ ազատ արձակելով 2009 թվականից գերության մեջ գտնվող ճիշտ նույն քանակության, այն է՝ 3 հայ զինծառայողների, որքան սպանվել է վերջին օրերի ընթացքում։ Ակնհայտ է, որ 3 սպանվածների դիմաց 3 գերիների ազատ արձակելով Ադրբեջանը հերթական անգամ դրսեւորում է մարդկանց ճակատագրի հետ արյունոտ առեւտրի իր զուտ թուրքական՝ ցեղասպանական գործելակերպը։
Պատահական չէ նաեւ, որ Տավուշի մարզում ադրբեջանական հատուկ ջոկատայինների կազմակերպած դիվերսիաները ժամանակային առումով համընկել են Ապրիլ 24-ի սգո արարողությունների եւ դրանց հետեւած նախագահի Սերժ Սարգսյանի Տավուշի մարզ կատարած այցի հետ։ Սա նույնպես զուտ թուրքական ավանդույթ է, ինչը վկայում է Հայոց ցեղասպանության «էստաֆետը» վերցնելու եւ շարունակելու Բաքվի պատրաստակամության մասին։
Ո՞րն է լինելու նման պայմաններում հայկական կողմի համարժեք պատասխանը։ Հանրապետության նախագահը ապրիլի 27-ին Տավուշի մարզ կատարած նախընտրական այցի ընթացքում հավաստիացրել է, որ Հայաստանի ղեկավարությունը թույլ չի տա օգտվել երկրում ծավալվող նախընտրական գործընթացներից, ուստիեւ մեր հակառակորդն անպատիժ չի մնա։
Ստեղծվել է մի կացություն, երբ իրադարձությունների հետագա բացասական զարգացումը կանխելու միակ գործուն տարբերակը ԵԱՀԿ ապրիլի 30-ի մոնիտորինգին հետեւելիք հստակ քաղաքական գնահատականն է։ Մի քանի անգամ կրկնված սադրանքներին միջազգային հանրության տված ոչ համարժեք գնահատականները հանգեցրել են ադրբեջանական կողմի բացահայտ լկտիացմանը։
Հայաստանի դեմ իրականացվել է ռազմական ագրեսիայի ակտ, քանի որ մեր զինվորականները սպանվել են սեփական տարածքում՝ մեքենայով տեղաշարժվելու պահին, ուստի մեր երկիրն իրավասու է տալ համարժեք պատասխան։
Եթե ապրիլի 30-ին իրականացված մոնիտորինգից հետո ԵԱՀԿ-ն շարունակի պահպանել իր որդեգրած կեղծ «չեզոքությունը», ապա հակառակորդի լկտիությունը սանձելու համար հայկական կողմին այլ տարբերակ չի մնա, քան հակահարված հասցնելը։
Ստեղծված իրավիճակի կայունացման միակ բանալին ներկայումս ԵԱՀԿ Մինսկի խմբի որդեգրած «չեզոքության» հաղթահարումն է, իրերն իրենց անունով կոչելը։ Հակառակ պարագայում կանցնի մոտավորապես մեկ շաբաթ եւ հայտնի կդառնա, որ ադրբեջանական բանակի N-րդ զորամասում տեղի են ունեցել «ինքնասպանության դեպքեր»՝ զենքի հետ անզգույշ վարվելու պատճառով։ Եվ ոչ ոք այդպես էլ չի իմանա, որ այդ ամենը հայկական կողմի համարժեք պատասխանն է։

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031