Ընտրակաշառք բաժանելուց չհրաժարվելու իշխանության վարքագիծը ցույց է տալիս, որ նրանք շարունակում են վերարտադրման համար խաղադրույք կատարել մարդկանց տոտալ վախի ու ահաբեկվածության վրա:
Հեքիաթները յուրաքանչյուրի քվեարկության արդյունքն անպայման իմանալու, չիպով կամ տեսանկարահանող սարքով գրիչների մասին դրա հիստերիկ դրսևորումներն են, որոնք կարող են ազդել անգրագետ, անտեղյակ ընտրողների վրա:
Ակնհայտ է, սակայն, որ եթե նման ահաբեկումները տեղ չհասնեին, վաղուց արդեն կորցրած կլինեին իրենց արդիականությունը: Իսկ հանրության որոշակի շերտերի մոտ դա ընկալվում է, առաջին հերթին, այն պատճառով, որ մարդիկ իրենց մենակ ու անպաշտպան են զգում թե՛ թաղային հեղինակությունների ու օլիգարխների բանդաների, թե՛, որ ավելի ստորացուցիչ ու անընդունելի է, սեփական պետության առջև` իշխանության և այդ շրջանակների նույնացման պատճառով:
Նրանք փոփոխությունների հույսը ոչ թե իրենց, այլ այլընտրանքային ուժերի վրա են դնում` կապելով այն ոչ թե ընտրությունների, այլ հեղափոխությունների կամ հեղաշրջումների հետ: Խորհրդարան գնացող ուժերից միայն երկու-երեքն են փորձում պահանջարկ ձևավորել ընտրության միջոցով իշխանության իրացման մարդկանց իրավունքը գործադրելու նկատմամբ` պատրաստակամություն հայտնելով պաշտպանելու թե՛ նրանց քվեարկությունը, թե՛ անձը: Օրվա հրամայականը իրական գործողություններով մարդկանց պաշտպանվածության զգացում ներշնչելն է:
«Երկիր»