Հայաստանի եզդիները հայտնվել են իշխանական ուժերի՝ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի նախընտրական հետաքրքրության տիրույթում։ Մինչ ՀՀԿ-ից հայտարարում են, թե Եզդիների միության փոխնախագահ Խդր Հաջոյանը Գալուստ Սահակյանին նամակ է փոխանցել, համաձայն որի՝ Հայաստանի եզդիները եւ այլ ազգային փոքրամասնություններ սատարում են Հանրապետականին, ԲՀԿ ցուցակում ներգրավված Ռուստամ Մախմուդյանը հայտարարում է, թե եզդիներն իր շուրջ են համախմբված եւ ձայն են տալու «Բարգավաճ Հայաստանին»։ Երեկ զրուցեցինք Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի հետ՝ փորձելով հասկանալ, թե ի վերջո որ ուժին են սատարում Հայաստանի եզդիները եւ ինչի համար։
– Պարոն Թամոյան, այս օրերին եզդիների անունից տարբեր հայտարարություններ են հնչում՝ տարբեր ուժերի սատարելու մասին։ Հիմա ո՞ւմ են սատարում եզդիները՝ ՀՀԿ-ի՞ն, թե՞ ԲՀԿ-ին։
– Ես ինքս Հանրապետական կուսակցության անդամ եմ։ Կոչ եմ արել ՀՀԿ–ին սատարել։ «Բարգավաճին» սատարողներ էլ կան՝ մի քանի հոգի, իրանց իրավունքն է։ Եզդիները 60 հազար են։ Կարող է մի քանի հազարը գնա «Բարգավաճ», մի քանի հազարը՝ «Ժառանգություն», մի քանի հազարը գնան տարբեր կուսակցություններ, մենք չենք կարող պարտադրել։ Միջազգային օրենքներ կան, որ մենք, որպես ազգային փոքրամասնություն, պիտի լինենք իշխանավորների կողքը, որ ոչ մեկը մեզանից չնեղանա:
– Իսկ ինչո՞ւ եք միշտ իշխանության կողքը, ինչո՞ւ, օրինակ, ընդդիմությանը չեք սատարում։ Արդյոք այդքան իշխանասե՞ր են եզդիները։
Կարդացեք նաև
– Իշխանասեր չենք։ Միջազգային կոնվենցիայի համաձայն, մենք միջազգային օրենքներով ենք խոսում, մենք պարտադիր ձեւով պետք է լինենք իշխանության կողքին։ Դա աշխարհով է էդպես ընդունված։
– Բայց նման օրենք չկա: Ո՞վ է ասել, որ պիտի լինեք իշխանության կողքին։
Կան։
– Կան: Նման միջազգային օրենքներ կան։ Երեւի Դուք տեղյակ չեք։
– Իսկ ո՞վ է Ձեզ ասել, որ նման օրենք կա։
– Արտասահմանում, օրինակ, եզդիներն իշխանավորների կողքն են. Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում մեծ համայնքներ ու¬
նենք։
– Փաստորեն, ուզում եք արտասահմանի եզդիներից հետ չմնաք, դրա համա՞ր եք իշխանությունների կողքին։
– Բա իհարկե։ Հիմա մեր միությունը կանգնած է բանի, ի՞նչ է անունը՝ Հանրապետական կուսակցության կողքը։ Հիմա լավ է, վատ է, ինչ է, ես դրա անդամն եմ։ Ես չեմ կարող թողնեմ, որ իմ իրավունքները խախտեն։ Ես իրավունք չունեմ բարոյապես։
Մարինե ԽԱՌԱՏՅԱՆ
«Հրապարակ»