Իլհամ Ալիեւը մեկնելու է Նյու Յորք, որտեղ հայկական կազմակերպությունների բողոքի ակցիաներ են կազմակերպելու։
Մայիսի 1-ից Ադրբեջանը մեկ ամսով նախագահելու է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդում։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կա հինգ մշտական անդամ` Ամերիկայի Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը եւ Ռուսաստանի Դաշնությունը։ Այդ երկրներն ունեն որոշումները վետոյի ենթարկելու իրավունք։
Բացի հնգյակից, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ունի նաեւ 10 ոչ մշտական անդամներ, որոնք զրկված են վետոյի իրավունքից։ Բացի Ադրբեջանից, տասնյակում են նաեւ Կոլումբիան, Գերմանիան, Գվատեմալան, Հնդկաստանը, Մարոկոն, Պակիստանը, Պորտուգալիան, Հարավային Աֆրիկան եւ Տոգոն։
Կարդացեք նաև
Այդ երկրները երկու տարով են համալրում Անվտանգության խորհուրդը եւ դրանում նախագահում են անգլերեն այբբենական կարգով։
Նախկինում ոչ մշտական անդամների թիվը 6-ն էր, սակայն 1965 թվականին այն հասցվել է 10-ի։
Անվտանգության խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն, ընթացակարգային բնույթի որոշումներն ընդունելու համար անհրաժեշտ է առնվազն 9 կողմ։ Առավել էական որոշումերն ընդունված են համարվում, եթե հավանություն տված 9 երկրների թվում են վետոյի իրավունքով օժտված հնգյակի բոլոր անդամները. դա անվանում են նաեւ «մեծ տերությունների օրենք»։
ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն` կառույցի անդամ բոլոր երկրները պարտավոր են կատարել Անվտանգության խորհրդի որոշումները։
Ադրբեջանը 2011 թվականի հոկտեմբերի 24-ին է ընտրվել Անվտանգության խորհրդի անդամ։ Նախագահությունը ստանձնելու առիթով երկրի ղեկավար Իլհամ Ալիեւը մեկնելու է Նյու Յորք։
Ամերիկահայ քաղաքական կառույցները մտադիր են նրա այցի ընթացքում կազմակերպել բողոքի միջոցառումներ եւ հորդորել Միացյալ Նահանգների ղեկավարներին ճնշում բանեցնել եւ պահանջել Ադրբեջանից դադարեցնել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացվող հարձակողական քաղաքականությունն ու վերջ տալ հայատյաց, ռազմատենչ հռետորաբանությանը։
Արմեն Քոլոյան
«Ազատություն» ռադիոկայան