Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ընտրություններին մասնակցող ուժերից 4-ը դեմ են օտարալեզու դպրոցներին, 4-ը` կողմ

Մայիս 01,2012 10:14

Հայաստանում մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում օտարալեզու դպրոցների վերաբացման խնդրի առնչությամբ առանձին կետ չկա, բայց գրեթե բոլոր ուժերը դրան անդրադառնում են ընդհանուր, անուղղակի կերպով եւ ունեն իրենց հստակ դիրքորոշումը:

Հաշվի առնելով, այդ թեմայի զգայուն լինելը հայ հասարակության շրջանում, որը ժամանակին լուրջ քննարկումների առիթ էր դարձել, NEWS.am-ը փորձել է պարզել, թե ինչպիսին է ընտրություններին մասնակցող կուսակցությունների դիրքորոշումը օտարալեզու դպրոցների վերաբացման հարցում: Հիշեցնենք, որ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը մի շարք առաջարկներ էր արել քաղաքական ուժերին, ակնկալելով, որ դրանք տեղ կգտնեն նրանք նախընտրական ծրագրերում:

Այսպես, Հայաստանում օտարալեզու դպրոցներ վերաբացելու օրինագծին կողմ քվեարկած ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց. «Մենք ազգային, պահպանողական կուսակցությունն ենք, ազգային կրթության, ազգային արժեքների ջատագով ենք,  բայց միեւնույն ժամանակ առաջնորդում ենք նժդեհյան հետեւյալ փիլիսոփայությամբ` հայ ժողովրդի մի ձեռքը պետք է լինի իր ազգի բարոյական սկզբունքների, վրա, մյուսը պետք է լինի Արեւմուտքի վրա, որպեսզի յուրացնի  մարդկության նորամուծությունները»:

ՕԵԿ-ի «կողմ» դիրքորոշումը օտարալեզու դպրոցների բացման վերաբերյալ եւս չի փոխվել: Կուսակցության մամուլի քարտուղար Հարություն Ամիրյանի խոսքով` օտարալեզու մի քանի դպրոցների բացումը չի կարող վտանգել Հայաստանի ազգային անվտանգությունը:

Նույն խնդրի առնչությամբ, ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության ներկայացուցիչները հանդիպել են իրենց խմբակցության ներկայացուցիչներին, ցավոք այդ ժամանակ իրենց նախընտրական ծրագիրը պատրաստ էր եւ տպարանում էր: «Բայց մի շարք նախաձեռնություններ իրապես մեզ համար ընդունելի է, օրինակ` բջջային հեռախոսների հայաֆիկացումը, գրքերը հարկերից ազատելը եւ այլն, որոնք խորհրդարանի ֆորմատում են, անպայմանորեն խմբակցության առաջին օրենսդրական նախաձեռություններից մեկը լինելու է դա»,-նշեց նա: Ինչ վերաբերում է օտարալեզու դպրոցների վերաբացմանը, պատգամավորի խոսքով, իրենք ժամանակին սկզբունքային առաջարկներ են ներկայացրել, որոնք ընդունվել են: «Քանի որ մեր առաջարկություններն ընդունվել են, ըստ էության` դեմ ենք օտարալեզու դպրոցների ձեւակերպումը փոխվում է, մենք կողմ ենք, որ մեր երեխաներին, հայագիտական ողջ բազան ստանալուց հետո, արդեն ավագ դպրոցներում, խորացված օտար լեզու դասավանդվի, ինչն այսօր հրամայական է եւ էապես անհրաժեշտ մրցունակ աշակերտ, մրցունակ ուսանող ունենալու համար»,- նշեց նա:

Փոխարենը օտարալեզու դպրոցների վերաբացմանը կտրականապես դեմ են հանդես գալիս «Ժառանգությունը», ՀՅԴ-ն եւ Հայ ազգային կոնգրեսը:

ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Լիլիթ Գալստյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք ընդունել են ոչ միայն «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության առաջարկները եւ ներառել իրենց ծրագրում, այլեւ այդ ոլորտում սեփական բազմաթիվ առաջարկներն են արել: Նրա խոսքով, ՀՅԴ ծրագրում, մասնավորապես, տեղ են գտել գրատպությանը հարկային արտոնություններ տրամադրելուն, թվանշային տեխնոլոգիաների` հեռախոսների, համակարգչային ծրագրերի հայացմանը վերաբերող կետերը:

«Մենք կպայքարենք որակյալ կրթության համար, բայց ոչ մեր մայրենիի հաշվին: Մենք շեշտը դնում ենք որակյալ, մրցունակ կրթության վրա եւ առաջարկում ենք նոր ծրագրերի, մեթոդների կիրառում»,- նշեց նա, հավելելով, որ տգիտություն է ասել, թե ով դեմ է օտարալեզու դպրոցների վերաբացմանը, դեմ է օտար լեզուներին, քանի որ կարելի է հայկական դպրոցներում բարձրացնել օտար լեզուների ուսման մակարդակը: «Երբ քո երկրում ծնելիությունը 1,5 մարդ է, այս պարագայում պարտավոր ես քո քաղաքական ակցենտները բոլորովին այլ բաների վրա կառուցել, թե չէ կգնան օտարալեզու դպրոց, լեզվամտածողությունը չի լինի հայերեն, հետո կրթություն ստանալու համար կթռնեն Եվրոպաներ, մենք կխթանենք արտագաղթը, մինչդեռ դրա փոխարեն պետք է կրթության որակը բարձրացնենք»,- նշեց նա:

«Ժառանգությունը» եւս այս հարցում իր տեսակետը չի փոխել: «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը նշեց, որ նախաձեռնության առաջարկները քննարկել են հենց անդամների հետ եւ մի շարք կետեր ընդգրկել իրենց ծրագրում: «ՀՀ-ում չի կարող լինել օտարալեզու դպրոց, որովհետեւ մեր երկրում պետական լեզուն հայերենն է, իսկ օտար լեզուների իմացությանը բոլորս ենք կողմ»,- ասաց Անահիտ Բախշյանը:

Օտարալեզու դպրոցների դեմ հանդես եկող Հայ ազգային կոնգրեսի մամուլի քարտուղար Արման Մուսինյանն էլ նշեց, որ իրենք մնում են նույն դիրքորոշմանը եւ ապագայում էլ այդ խնդիրը կլինի իրենց ուշադրության կենտրոնում: Նրա խոսքով` ՀԱԿ-ի նախընտրական ծրագրում տալիս են համակարգային լուծումներ, որում ընդգրկված է նաեւ օտարալեզու դպրոցների խնդիրը:

«Միավորված հայեր» կուսակցության ղեկավար Ռուբեն Ավագյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք եւս, լինելով ազգային, հայրենասիրական ուժ, դեմ են Հայաստանում օտարալեզու դպրոցներին: «Հայերեն սովորեցնենք, նոր անցնենք օտար լեզուներին»,- ասաց նա: ՄՀԿ-ն ԱԺ անցնելու պես սկսելու է օրենսդրական բարեփոխումները հենց Սահմանադրությունից եւ կյանքի են կոչելու «ազգին ծառայող օրենքներ, իսկ օտարալեզու դպրոցները չեն բխում ազգի շահերից»: «Ամեն ինչ անելու ենք օտարալեզու դպրոցների վերաբացումը կանխելու համար, որովհետեւ եթե կորցնենք մեր լեզուն, մեր պատմությունը, էլ ի՞նչ ազգ, կմնա էթնոսը»,- նշեց նա:

Իսկ ահա ՀԴԿ ղեկավար Արամ Գ. Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում կողմ արտահայտվեց օտարալեզու դպրոցների վերաբացմանը: Նրա խոսքով, իրենք դեմ չեն, որ դպրոցում առարկաներն օտար լեզվով դասավանդվեն, եթե դա ավելի մրցունակ ու որակյալ կրթություն կապահովի: Հարցին, թե հայերենով հնարավոր չէ՞ որակյալ եւ մրցունակ կրթություն ապահովել, ՀԴԿ առաջնորդը պատասխանեց. «Մենք պետք է նպաստենք, որ ստեղծվի այնպիսի համակարգ, որը ժամանակակից է, իրական կրթություն է տալիս եւ բոլոր հնարավոր սահմանափակումներն էլ  պետք է հանվեն»:

Հայաստանի կոմկուսի ղեկավար Ռուբեն Թովմասյանը հարցը լսելով, նախ ճշտեց, թե օտարալեզու դպրոց ասելով, ռուսերե՞նն էլ նկատի ունենք, ապա նշեց, որ Կոմկուսը կողմ է առաջին հերթին ռուսաց լեզվի իմացությանը: Նա ընդգծեց, որ իրենց նախընտրական ծրագրում անդրադառնում են ռուսական դպրոցի նկատմամբ բոլոր արգելքները վերացնելուն:

Նշենք, որ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունն ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերին առաջարկել էր մի շարք կետեր ներգրավել իրենց նախընտրական ծրագրերում, այդ թվում վերանայել «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում 2010 թ կատարված փոփոխությունները, որոնցով օրենսդրորեն ամրագրվում է Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու իրավունքը, հայերեն թարգմանված ու տեղայնացված նորարարական կրթական ծրագրերի ներմուծումը, համացանցային որակյալ կրթական բովանդակության հայացումը եւ ներմուծումը կրթական միջավայր եւ այլն:

Հիշեցնենք, որ Հայաստանի անկախության առաջին տարիներին որոշում էր կայացվել, որ ազգությամբ հայ երեխաները պետք է հաճախեն միայն հայկական դպրոց, քանի որ օտար լեզվով կրթություն ստացող երեխայի լեզվամտածողությունը հայերեն չէ:

Նշենք նաեւ, որ նախորդ տարի կառավարության նախաձեռնությամբ, փոփոխություններ են կատարվել օրեսդրության մեջ եւ մասամբ հանվել է այդ արգելքը, ինչը բուռն քննարկումների ու հակազդեցության առիթ տվեց հասարակության շրջանում:

news.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031