«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի համոզմամբ` Հայաստանում ապրող մարդկանց կենսապայմանները բարելավելու համար անհրաժեշտ է բավարար պայմանների ու հնարավորությունների ստեղծում: «Պայման ու հնարավորություն պետք է ստեղծել, որպեսզի յուրաքանչյուր մարդ ինչի ունակ է, իր ունակությամբ իր ընտանիքի հացը վաստակի: Ազգի հերոսը պիտի լինի աշխատող մարդը, բարիք ստեղծող մարդը, ոչ թե պաշտոնյան», -նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ նախագահը:
Ծառուկյանը նշեց, որ ԲՀԿ-ն պայքարի է ելել երկրում փոփոխություններ կատարելու նպատակով: «Ես քաղաքականության մեջ մտել եմ պայքարի, ոչ թե պաշտոնի, գումար վաստակելու համար: Այսօր գործազրկությունը, աղքատությունը, արտագաղթը շատ լուրջ սպառնալիք են մեր երկրի համար: Ժողովրդի վիճակը ծանր է, ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո ավելի է ծանրացել, այսօր անհրաժեշտ է փոփոխություն, փոփոխություն հարկային դաշտում, օժանդակում մարդկանց, որ մարդիկ կարողանան գոնե նվազագույնը ընտանիքի առօրյան բավարարեն»,-ասաց Գագիկ Ծառուկյանը:
Խոսելով նախընտրական խոստումների մասին` նա նշեց, որ խոստանում է այն, ինչ կկարողանա անել. «Այնպիսի բան, որ վաղը չեմ կարողանալու անել, չեմ ասելու»:
Նա կոչ արեց վանաձորցիներին իրենց ձայնը տալ այն ուժին, ում հավատում են: «Ոչ մի բան որոշված չէ, որոշողը դուք եք լինելու: Բոլորին լսեք, գնացեք, նրան ձայն տվեք, ում հավատում եք,-նշեց Գագիկ Ծառուկյանը,- այսօր, եթե ձեզ պարտադրում են ձայնը տալ այս կամ այն կուսակցությանը, կամ անձամբ իրենց տալ, նրանք միայն իրենց մասին են մտածում, չեն ուզում եղածը կորցնել: Իրենց տեղը ապահովելու մասին են մտածում: Ժողովրդի մասին մտածողը այդպես չի անի, չի պարտադրի մարդկանց»:
Կարդացեք նաև
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր