Նախկինում տեղեկացրել ենք, որ ՀՀԿ համամասնական ցուցակի 65-րդ տեղը զբաղեցնող Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան պետք է արձակուրդ գնար: Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքում «Իրավական ակտեր» բաժնի «Այլ իրավական ակտեր» ենթաբաժնում տեղադրված է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մարտի 30-ի թիվ 285-Ա որոշումը, որով Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին ապրիլի 2-ից մինչեւ մայիսի 6-ը ներառյալ, տրամադրվել է չվճարվող արձակուրդ, մարզպետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանի վրա: Նույն կայքում տեղեկատվություն կա, որ ապրիլի 4-ին մարզպետ Արմեն Ղուլարյանը վարել է հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների կազմման աշխատանքները համակարգող մարզային հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը քննարկել է Բագրատաշենի տարածքում աղբավայր ունենալու խնդիրը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 26-27-ին այցելեց Տավուշի մարզ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակը եւ Տավուշի մարզպետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը, Սերժ Սարգսյանի այցը Տավուշ ոչ թե նախընտրական էր, այլ՝ աշխատանքային: Մարզի տարբեր տարածաշրջաններում Սերժ Սարգսյանին ուղեկցում էր Արմեն Ղուլարյանը, ով ըստ վարչապետի հրամանի պետք է գտնվեր արձակուրդում: Համացանցը լի է լուսանկարներով, որտեղ Սերժ Սարգսյանի այցի ընթացքում Արմեն Ղուլարյանն ուղեկցում է նախագահին: Հիմա հավատա՞նք, որ մարզպետ Արմեն Ղուլարյանն արձակուրդում է, թե՞ ոչ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ