Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում քննարկել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցի հաղորդումները, համաձայն որոնց, 2012թ. ապրիլի 12-ից Վանաձոր և Սպիտակ քաղաքաներում տաքսի ծառայության ավտոմեքենաների, հասարակական տրանսպորտի, երթուղային տաքսիների, անձնական օգտագործման ավտոմեքենաների, ինչպես նաև առևտրի օբյեկտների վրա փակցված են նախընտրական պաստառներ, դրոշակներ, ինչպես նաև Վանաձոր քաղաքից դեպի Սպիտակ և Սպիտակ քաղաքից դեպի Ջրաշեն գյուղ տանող մայրուղում` Սպիտակ համայնքին պատկանող էլեկտրական սյուների վրա, տեղադրված են Հայաստանի Հանրապետական կուսակցության դրոշակներ:
Հաղորդումների քննարկման արդյունքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրել է որոշում` դիմել Վանաձոր և Սպիտակ քաղաքային համայնքների ղեկավարներին` ուսումնասիրելու հասարակական սննդի, առևտրի օբյեկտների և և հասարակական տրանսպորտի վրա կամ ներսում (անկախ սեփականության ձևից) կուսակցությունների, ինչպես նաև Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների քարոզչական պաստառներ փակցված լինելու հանգամանքը և նշված վայրերում փակցված քարոզչական պաստառներ հայտնաբերելու դեպքում դրանք սահմանված կարգով անհապաղ վերացնել, ինչպես նաև ստուգելու քարոզչական պաստառներն այլ վայրերում փակցնելու համար հիմք հանդիսացող փաստաթղթերը: ՀՀ ԿԸՀ որոշման մեջ նշվում է նաև, որ թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից քարոզչական պաստառներ չհանդիսացող քարոզչական նյութերը օգտագործելու, տարածելու սահմանափակումներ ընտրական օրենսգրքով սահմանված չեն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ կուսակցության կողմից որպես քարոզչական նյութ պատրաստաված և օգտագործվող դրոշակները օգտագործելը և տարածելը չի հանդիսանում ընտրական օրենսգրքի խախտում:
Արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկել է նաև քաղաքացի Ռուբեն Թորոսյանի մի շարք դիմումներով ներկայացրած հաղորդումները:
Կարդացեք նաև
ԿԸՀ մամլո ծառայություն