ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կոտայքի մարզի Գառնի բնակավայրում ընտրողների հետ հանդիպման ժամանակ իր ելույթի վերջում հայտարարեց. «Ես այդքան էլ միամիտ մարդ չեմ, որ հավատամ, թե հիմա եկա՝ ասացի, դուք էլ լսեցիք եւ սուսուփուս անելու եք իմ ասածը»: Նա գառնեցիներին կոչ արեց ակտիվ մասնակցել մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, բայց գիտակցելով սեփական քվեի կարեւորությունը: «Ամսի 5-ը լռության օր է»,- ասաց նախագահը եւ կոչ արեց այդ օրը մի լավ մտածել, ծանրութեթեւ անել բոլոր քաղաքական ուժերի եւ նրանց առաջնորդների այս ընթացքում ունեցած ելույթները, տրված խոստումները:
Նա կոչ արեց ընտրություն կատարել՝ նկատի ունենալով ոչ թե լավագույն ելույթը, այլ այն, թե տվյալ ելույթ ունեցողն ով է եւ ինչ ճանապարհ է առաջարկում. «Հանգիստ, հանդարտ մտածեք: Տեսեք՝ ով ձեզ ի՞նչ խոստացավ, ի՞նչ ճանապարհ է առաջարկում եւ, ընդհանրապես, խոստացողն ով է: Եվ եթե տեսնեք, որ խոստացողը մարդ է, ով ունի ճանապարհ անցած, բազում գործեր ունի արած: Կամ՝ քաղաքական ուժ է, կամ էլ մեկը, որ չգիտի, թե ի՞նչ է իշխանությունը, իրեն թվում է, որ իշխանությունը վայելք է եւ եթե ինքը երկրի նախագահ է, ապա՝ թագավոր է եւ թագավորի պես պետք է ապրի, ապա խնդրում եմ՝ մեկ անգամ եւս մտածել: Էլ չեմ ասում, թե ինչ պետք է անեք: Բայց իմ խորհուրդը, իմ խնդրանքն այն է, որ մինչեւ քվեախցիկ մտնելը մի հատ լավ մտածեք: Էնտեղ էլ մի հատ մտածեք ու հետո քվեարկեք Համլետի օգտին»: Խոսքն այդ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ՀՀԿ-ի կողմից առաջադրված Համլետ Հայրապետյանի մասին է, ում մրցակիցներն են ԲՀԿ-ից Գագիկ Ծառուկյանի խնամին՝ Մուրադ Գուլոյանը եւ ՀԱԿ-ից ՆԳՆ եւ ԱԱԾ համակարգերում նախկինում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած Գուրգեն Եղիազարյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև