Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը՝ կուսակցությունների ծրագրերի մասին. Դրանք ոչ իրատեսական են եւ թույլ՝ բովանդակային բաղադրիչով

Ապրիլ 30,2012 17:02

Aravot.am-ը անդրադարձել է կուսակցությունների նախընտրական ծրագրերի գիտակրթական հատվածին: Բոլոր ուժերը խոստանում են ոլորտում ֆինանսավորման ավելացում, ուսանողական վարկերի տրամադրում, գիտությունների դոկտորների հավելավճարների ավելացում, դրանց հաշվեգրում կենսաթոշակների վրա եւ այլն, բայց դրանց հասնելու ուղիները ոչ միշտ են նշվում:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեցինք՝ ինչքանո՞վ են այդ խոստումներն իրատեսական: Նախարարը հայտնեց, որ իր համար պատրաստել է կրթության եւ գիտության ոլորտում քաղաքական ուժերի ներկայացրած ծրագրերի համեմատական վերլուծությունը եւ նկատել, որ բոլորն էլ «կաղում» են բովանդակային առումով: «Վերանանք քաղաքականությունից, մոռանանք, որ ես ՀՀԿ անդամ եմ ու մեր կուսակցության ներսում կրթական ծրագրի պատասխանատուներից մեկը: Զուտ մասնագիտական աչքով փորձենք նայել ծրագրերին: Առաջինը, որ աչքի է զարնվում՝ բովանդակային բաղադրիչի թուլությունն է բոլորի մոտ, երկրորդը այն է, որ շեշտադրումներն արված են սոցիալական խնդիրների ու ֆինանսավորման վրա»,- նշում է Արմեն Աշոտյանը:

Նրա ձեւակերպմամբ, բոլոր կուսակցությունների ծրագրերից գիտակրթական «մասով» շահեկանորենն տարբերվում է Հայ Հեղափոխական Դաշնակցության ծրագիրը. «Մյուս ուժերի մոտ կրթության եւ գիտության ոլորտում բովանդակություն գրեթե չկա, կա ընդամենը սոցիալական, ֆինասավորման շեշտադրում, իսկ միայն դրանով հնարավոր չէ կրթական քաղաքականություն իրականացնել: Իհարկե կրթությունը եւ գիտությունը այն ոլորտներն են, որտեղ միշտ պահանջարկ կա ծախսերի: ՀՀԿ-ի տեսակետից դրանք ծախսեր չեն՝ ներդրումներ են: Ինչ վերաբերում է ոլորտում ֆինանսավորման ծավալների ավելացմանը, դա կարվի առաջին իսկ հնարավորության դեպքում: Սակայն, հասկանալի պատճառներով, այսօր մեր պետական բյուջեի շրջանակներում կտրուկ մեծացումների հնարավորություն չունենք, դրա համար փորձում ենք զարգացման ծրագրերն իրականացնել միջազգային դոնորների աջակցությամբ՝ Համաշխարհային բանկ, Եվրոպական Միություն եւ այլն»: Նախարարի խոսքով. «Իհարկե գումարը շատ կարեւոր է, բայց մտածել, որ միայն ֆինանսավորման ավելացմամբ կարող ես թռիչքային փոփոխություն ապահովել, եթե չգիտես՝ ինչպիսի վերակառուցում ես անելու քո կրթական եւ գիտական համակարգում, հնարավոր չէ»:

Պարոն Աշոտյանն անդրադարձավ նաեւ ՀԱԿ-ի ծրագրի համապատասխան հատվածին. «Այն վաղուց եմ նայել, անգամ առիթ ունեցել պատասխանատուների հետ քննարկել: Ասել եմ, որ իրենց ծրագրի մեջ ներառված դրույթների գրեթե կեսը պետական քաղաքականության կողմից վերջին տարիներին իրականացվող քայլեր են, դա արդեն արվում էր մինչեւ իրենց ծրագիրի հրապարակվելը, իսկ մյուս մասը, ցավոք, իրատեսական չեմ համարում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30