Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿԳ նախարարը՝ բրյուսովյան աժիոտաժի մասին. Օրենքի առաջ հավասար են բոլորը՝ նախարարից սկսած, վերջացրած համալսարանի պահակով

Ապրիլ 30,2012 16:15

Սուրեն Զոլյան-Արմեն Աշոտյան «փոխհրաձգությունը» վերջին մեկ ամսվա «ամենատաք» թեմաներից է: Aravot.am-ը կրթության եւ գիտության նախարարից հետաքրքրվեց՝ արդյոք բրյուսովյան պատմությունը չխփե՞ց կրթության եւ գիտության նախարար, քաղաքական գործիչ Արմեն Աշոտյանի հեղինակությանը:

«Նման տեսակետ հրապարակայնորեն փորձում են արտահայտել շատ կոնկրետ, ինձ համար տեսանելի հասարակաքաղաքական շահագրգռություն եւ կապեր ունեցող այն անձինք, որոնց «սրտացավությունը» ՀՀԿ-ի ու անձամբ իմ նկատմամբ՝ ուղղակի ապշեցուցիչ է: Ինձ մնում է նրանց  մաղթել ամուր նյարդեր ու առողջ սիրտ եւ վստահեցնել, որ մեզանով մտահոգվել  պետք չէ: Ինչ վերաբերում է այն շահարկումներին, թե ԵԽ-ի հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ, եւ մենք խախտել ենք Տարածաշրջանային կամ Փոքրամասնությունների լեզուների մասին կոնվենցիան, ապա շեշտեմ, որ տեղի ունեցածը բացարձակապես կապ չունի Սուրեն Զոլյանի՝ որպես փորձագետ աշխատանքի, լեզվաքաղաքականության ոլորտում իր փորձագիտական ակտիվությունը խոչընդոտելու կամ գործունեությանը միջամտելու հետ: Ասեմ ավելին,  Հայաստանի Հանրապետությունը, կրթության եւ գիտության նախարարությունը շահագրգիռ է, որպեսզի Սուրեն Զոլյանը մնա Եվրոպայի խորհրդում լեզվաքաղաքականության փորձագետ եւ աշխատի այդ ուղղությամբ որպես լավ մասնագետ: Խնդիրը վերաբերում է միայն աշխատանքային իրավահարաբերություններին եւ կարգավորվում է իրավական դաշտում: Ցավում եմ, որ Եվրոպայի խորհրդի հեղինակությունը եւ երբեմն նաեւ անձնական կապերը փորձում են օգտագործել  ու չարաշահել բոլորովին այլ տիրույթում գտնվող խնդիրները քողարկելու համար: Ես վստահ եմ, որ եվրոպական կառույցները հստակ զանազանում են այս երկու հարթությունները»,- հայտնեց նախարարը:

Նա փաստեց, որ ԵԽ-ի հետ Հայաստանն ունի կրթական համագործակցության ծրագիր, 2010թ.-ին անձամբ Ստրասբուրգում հանդիպելով գլխավոր քարտուղարի հետ՝ քննարկել է կրթության ոլորտում ապագա համագործակցությունը: Եվ դրանից հետո, ըստ Արմեն Աշոտյանի,  ԵԽ-ի գործողությունների ազգային ծրագրում տեղ են գտել մի շարք կարեւոր նախագծեր:

Մեր դիտարկմանը, թե անկախ հունիսի 12-ին կայանալիք Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ընտրությունների արդյունքներից, շահարկումներ են լինելու, Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Մոտ 20 օր է՝ այս պատմության շուրջ կա հանրային հետաքրքրություն եւ լրատվական ուշադրություն: ԿԳ նախարարությունն իրականացրել է օրենքով իրեն վերապահված լիազորությունները, եւ եթե կան անհամաձայնություններ, ապա դրանց արտահայտման ձեւը ոչ թե լոբբիստական տարաբնույթ նամակագրություններն են ու հայտարարությունները, որոնք գուցե հուզիչ են, բայց իրավական հետեւանքներ չեն կարող ունենալ, այլ դատարանը: Մի հանգամանք եւս. օրենքի առաջ հավասար են բոլորը՝ նախարարից սկսած, վերջացրած համալսարանի պահակով ու ռեկտորով»:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ ուսանողների ներգրավվածությանը՝ ռեկտորին սատարելուն: «Բուհում կան 1000-ավոր ուսանողներ, կոնկրետ այս գործողություններում ներգրավված ուսանողների թիվը որոշակի տոկոս է կազմում եւ չի ընդգրկում ողջ ուսանողությունը, թեպետ ինձ համար յուրաքանչյուր ուսանողի կարծիքն էլ  կարեւոր է: Ուսանողության այդ հատվածը պետք է հասկանա, որ սովորում է ոչ թե ինձ, այլ իր համար»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30