Հայաստանի կոմունիստական կուսակցությունը (ՀԿԿ) բազմիցս հայտարարել է, թե երկրի իշխանություններն այդպես էլ չկարողացան օլիգարխներին հեռու պահել քաղաքականությունից: Ուստի Aravot.am-ը ՀԿԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Վազգեն Սաֆարյանից հետաքրքրվեց՝ Կոմկուսը խորհրդարան մտնելով ինչպե°ս է պատրաստվում պայքարել օլիգարխների դեմ: Պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Պիտի պետությունը մասնակցի տնտեսական գործառույթներին, քանի որ այսօր յուրաքանչյուր ձեռնարկություն էլ խնդիրներ ունի, և պետության հետ գործակցելու ցանկություն: Ուստի պետությունը, վարկավորելով նրանց, կարող է նրանց հետ համագործակցել, ինչը կբերի նրան, որ պետությունը պետպատվեր կիջեցնի նրանց և կզբաղվի նրանց արտադրանքի իրացմամբ»: Այս խնդիրների լուծման համար կոմունիստները ցանկանում են ստեղծել արդյունաբերության և արտաքին առևտրի նախարարություն: Դառնալով մեր հարցին՝ Վ. Սաֆարյանը շարունակեց. «Oլիգարխների դեմ պայքարելու համար պիտի առաջին հերթին ստեղծվի ազատ մրցակցային դաշտ, որ ոչ թե մեկը 99 տոկոս շաքար բերի, այլ յուրաքանչյուրը շուկայի 33 տոկոսից ավելին չզբաղեցնի, ինչը ամրագրված է օրենքով»:
Պարոն Սաֆարյանն անընդհատ շեշտում էր պետության դերակատարությունը այս խնդրում, ուստի Aravot.am-ի այն դիտարկմանը, թե եթե ըստ Կոմկուսի՝ իշխանություններն արդեն օլիգարխների դեմ պայքարի մեկ հարթությունում՝ նրանց քաղաքականությունից հեռու պահելու հարցում, չեն հաջողել, ուստի ի°նչ երաշխիքներ, որ հետո հաջողություն կունենան, Վ. Սաֆարյանը պատասխանեց. «Գուցե չցանկացան պայքարել, դրա համար էլ չպայքարեցի°ն»:
Կոմկուսը հայտարարում է, թե ինքն ընդդիմություն է: Հետաքրքրվեցինք ՝ինչո°ւ չեն միավորվել որևէ ընդդիմադիր ուժի հետ: Մեր զրուցակիցը պատասխանեց. «ՀԱԿ-ի հետ մենք սկզբունքային տարաձայնություններ ունենք: Նա այն ուժն է, որ ԽՍՀՄ-ը, արդյունաբերությունը փլուզել է և այսօր մենք նրանց հետ մեկ ճանապարհով գնալ չենք կարող»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ