Լրահոս
Օրվա լրահոսը

Ռ. Դավոյան. Կուսակցությունների օձիքից պետք է բռնել ու ասել` «պատասխանատու եղեք»

Ապրիլ 30,2012 16:00

Այսօր «Հայելի» մամուլի ակումբի հյուրն էր արվեստագետ, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, որը խոսեց վերջերս Մոսկվայում ստացած մրցանակի եւ առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին:

Ապրիլի 17-ին կայացել էր ԱՊՀ երկրների միջպետական մրցանակաբաշխությունը, որի ընթացքում Հայաստանի ներկայացուցիչ Ռ. Դավոյանն արժանացել էր մրցանակի` մշակույթի ասպարեզում զգալի նվաճումների հասնելու համար: Մրցանակակրի խոսքով` մրցանակն արժեքավոր է, քանի որ մրցանակաբաշխությունը միավորում է ԱՊՀ երկրների մշակույթը, տնտեսությունը եւ ընդհանուր շահերը: Ռ. Դավոյանը մրցանակը ստացել է Կրեմլի շքեղ դահլիճներից մեկում` Ռուսաստանի պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի կողմից: Արարողությանը ներկա էին Վլադիմիր Սպիվակովը, ռուս թատերական գործիչներ, երգիչ-երգչուհիներ, ինչպես նաեւ` ՀՀ մշակույթի նախարարն ու Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը: «Երեկոյան ճաշել եմ Մոսկվայի Գրողների միության տանը: Ինձ համար պատիվ էր ռուս գրողների հետ շփվել եւ քննարկել մշակութային խնդիրներ»,- պատմեց Ռ. Դավոյանը: Մրցանակակիրը հավելեց, որ երաժիշտների համար հեշտ էր, քանի որ երաժշտությունը կարիք չունի թարգմանության եւ միանգամից հասնում է ունկնդիրների ականջին, մինչդեռ գրականությունը դժվար ճանապարհ է անցնում: Նշենք, որ 2010 թ.-ին ԱՊՀ երկրների միջպետական մրցանակի էր արժանացել Ջիվան Գասպարյանը, իսկ 2011-ին` Ռոբերտ Ամիրխանյանը:

Անդրադառնալով նախընտրական քարոզարշավին՝ Ռ. Դավոյանը նշեց, որ առանձնակի լարվածություն չի տեսնում: Բանախոսին գոհացնում է այն փաստը, որ կուսակցությունների գործունեությունն ուղղված է արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացմանը: Սակայն այն կիրքը, որով քաղաքական ուժերն ուզում են գալ իշխանության, արդյունքում ոչնչի չի հանգեցնում: «Բոլորը գեղեցիկ ճառեր եւ նվիրումի խոստումներ են տալիս, բայց ոչ մեկն, օրինակ՝ աշխատատեղեր չի բացում: Եթե մեկը գոռում է, որ թոշակները պետք է եռապատկվեն, ապա ինչու մինչ այդ դա չէր անում»,- ասաց Ռ. Դավոյանը` հավելելով, որ առկա է կողոպուտ, թալան, օլիգարխիա, մինչդեռ պետք է կուսակցությունների օձիքից բռնել ու ասել` «պատասխանատու եղեք ժողովրդի առաջ»:

Նախկին դաշնակցական բանախոսն այն համոզմանն է, որ ժողովրդի միասնությունը բզկտողները կուսակցություններն են: «Եթե գտնվի մի կուսակցություն, ով կլուծարվի հանուն ժողովրդի միասնության, ես մոմեր վառած կգնամ այդ կուսակցության դուռը»,- հավելեց Ռ. Դավոյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30