Aravot.am-ը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին խնդրեց մեկնաբանել վերջին շրջանում շատ խոսվող բուհական ինքնավարության մասին ելույթներն ու կարծիքները: «Վերջերս թեման իսկապես շատ է արծարծվում եւ արծարծվում է, ցավոք, ոչ պրոֆեսիոնալ ու ավելի շատ հռետորաբանության եւ հանրային ելույթների փաթեթավորման ձեւով: Մասնագիտական մոտեցումների գրեթե չենք հանդիպում: Բուհական ինքնավարութունը եւ ակադեմիական ազատությունները ունեն հստակ չափման մեխանիզմներ եւ չափորոշիչներ: Այս հարցով շատ ինտենսիվ զբաղվել է Եվրոպական համալսարանների ասոցիացիան՝ սահմանելով հստակ չափանիշներ: Այնպես որ, կոչ եմ անում խնդրով իրականում հետաքրքրված մարդկանց ավելի պրոֆեսիոնալ կարծիքներ հայտնել ՝ առանց ձեւականության եւ շահարկումների: Փաստեմ, որ Հայաստանի դիրքերն այսօր բուհական ինքնավարության եւ ակադեմիական ազատությունների տեսակետից միջինն են Եվրոպայում: Իհարկե կան երկրներ, որտեղ օրենսդրությունն ավելի լիբերալ է, որոշներում էլ՝ օրենսդրությունն ավելի խիստ է»,-ասաց նախարարը:
Նա նշեց, որ ակադեմիական ազատությունները եւ ինստիտուցիոնալ ինքնավարությունը ենթադրում են հետեւյալ բաղադրիչները՝ բուհի ղեկավարման, աշխատուժի լրացման, ակադեմիական ազատություն (կրթական բովանդակություն եւ այլն), ինչպես նաեւ ֆինանսատնտեսական գործունեության ազատություն: Նախարարը պնդում, է, որ որոշ չափանիշներով հայաստանյան բուհերն ավելի ինքնավար են, քան Արեւմտյան Եվրոպայի մի շարք երկրների կրթական հաստատությունները. «Սրանք մերկապարանոց խոսքեր չեն: Մենք իրականում բարվոք վիճակում ենք: Կառավարությունը վերջին 2 տարվա ընթացքում մշակում է բուհական ազատությունների, ինքնավարության ընդլայնման ծրագիր: Այս տարվա ընթացքում նախատեսում ենք նաեւ պետական բուհերից մեկի հետ իրականացնել պիլոտային ծրագիր, որի արդյունքում փոխելով բուհի կազմակերպչաիրավական ձեւը, կտեսնենք, թե բուհն ինչպես է կարողանում զարգանալ՝ ավելի մեծ ազատությունների պարագայում: Հաջորդ տարեվերջին ամփոփելով նախագիծը, դրական արդյունքների դեպքում այս փորձը կտարածենք այլ բուհերի վրա, որոնք պատրաստ կլինեն ավելի մեծ ինքնավարության: Նորից եմ ուզում կրկնել՝ ինքնավարությունը հռետորաբանություն չէ, բուհական ինքնավարությունը եւ ազատությունները պետք է տեղավորվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև