Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. Հայաստանը դառնում է ուղեղային կենտրոն

Ապրիլ 30,2012 14:44

Ապրիլի 26-27-ին Բուխարեստում կայացել է Բոլոնիայի նախարարական հերթական գագաթնաժողովը, որտեղ Հայաստանը պաշտոնապես հաստատվել է որպես երկիր, որը գալիք երեք տարիների ընթացքում հյուրընկալելու է Բոլոնիայի քարտուղարությունը, իսկ 2015 թվականին Երեւանում է կազմակերպվելու Բոլոնիայի գործընթացին անդամակից երկրների նախարարական գագաթաժողովը:

Aravot.am-ը Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին խնդրեց մանրամասնել, թե ինչ է ենթադրում այս ամենը Հայաստանի համար: «Նախ Հայաստանը պետք է ձեւավորի ազգային փորձագետների թիմ, որը պատասխանատու կլինի այս 3 տարիների ընթացքում Եվրոպայի բարձրագույն կրթության ողջ տարածքում կրթական բարեփոխումների քաղաքականության մշակման, համակարգման, ուղղորդման համար: Այսինքն Հայաստանը դառնում է այն ուղեղային կենտրոնը եւ պատասխանատու երկիրը, որը պետք է համակարգի, սպասարկի Եվրոպայի բարձրագույն կրթական տարածքը, որը միավորում է 47 երկիր»,- պատասխանեց նախարարը: Նա նաեւ հավելեց, որ 3 տարի Հայաստանի փորձագետները եւ ՀՀ ԿԳ նախարարությունը պատասխանատու են լինելու Բոլոնիայի գործընթացի շրջանակներում քաղաքականության իրականացման, աշխատանքային խմբերի գործունեության, համապատասխան տեղեկատվական ռեսուրսների գործարկման համար, ինչը ենթադրում է հսկայական պատասխանատվություն:

Բուխարեստյան նախարարական գագաթաժողովի վերաբերյալ էլ պարոն Աշոտյանը նշեց, որ վերջինիս եվրոպական երկրների նախարարներից զատ, մասնակցում էին նաեւ այլ երկրների կրթական ոլորտի պատասխանատուներ: 2015-ին Երեւանում կայանալիք նախարարական գագաթաժողովին նախարարը ակնկալում է շուրջ 90 պատվիրակությունների մասնակցություն, իսկ գագաթաժողովը մեր երկրում անցկացնելը համարում է աննախադեպ հաջողություն, որն ունի 2 երես կամ բաղադրիչ: «Մեկը կրթական բաղադրիչն է, ինչը նշանակում է, որ Հայաստանի կրթական ոլորտը ճանաչելի է Եվրոպական կրթական տարածքում, եւ կրթական պատասխանատու մարմինը մեզ վստահելի գործընկեր է համարում, իսկ մեր կողմից իրականացված քաղաքականությունը՝ համահունչ է եվրոպական բարձրագույն կրթական տարածքում տեղին ունեցող գործընթացներին: Անչափ կարեւոր է նաեւ երկրորդ բաղադրիչը՝ քաղաքականը: Նման լուրջ առաքելության համար Հայաստանին վստահելը նշանակում է՝ ճանաչել Հայաստանի եվրոպական ինտեգրման ուղղությամբ գործադրվող ջանքերը, Արեւելյան գործընկերության շրջանակներում ընդգծել՝ Հայաստանը որպես երկիր, որը լավագույններից է բարեփոխումների, քաղաքական տրանսֆորմացիայի ճանապարհին: Փաստորեն Հայաստանը զատվում է մի շարք այլ երկրներից, որովհետեւ փաստացի առաջին ԱՊՀ եւ առաջին հարավկովկասյան երկիրն ենք, որը բացառիկն է ոչ ԵՄ անդամ երկրների շարքում, ում վստահվել է նման պարտականություն»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30