Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում նախագահ Սերժ Սարգսյանը մինչ իր ելույթին անցնելը 10-15 րոպե զրուցեց հավաքվածների հետ, լսեց նրանց խնդիրները, որոնք հիմնականում մասնավոր, անձնական բնույթի էին, ապա, արդեն իր ելույթում նախագահը նկատեց, որ գյուղեր գնալիս լավ կլինի, որ իրենք անմիջական շփվեն մարդկանց հետ ու փորձեն լուծում տալ առկա խնդիրներին:
Ապա խոսելով ՀՀԿ նախընտրական ծրագրի գյուղատնտեսությանը վերաբերող հատվածից, Սերժ Սարգսյանն ասաց, որ եթե ցանկանում ենք գյուղատնտեսությունը զարգացնել, ունենալ հարմարավետ գյուղ, դրա համար պետք է գյուղատնտեսությամբ զբաղվելը արդյունավետ լինի: Նախագահը խոստացավ հաջորդ 5 տարիներին գյուղատնտեսական ոլորտում պետական սուբսիդիաներ եւ մատչելի տոկոսներով վարկեր: Ապա նախագահ Սարգսյանը իր զարմանքն արտահայտեց առ այն, որ գյուղական բնակավայրերում մարդիկ իրեն դիմում են աշխատատեղեր ստեղծելու խնդիրներով. «Եթե այդ աշխատատեղերը կանանց համար է, ես կհասկանամ, կընդունեմ, բայց գյուղում տղամարդը աշխատատեղ ուզի՞: Գյուղում տղամարդը պիտի հող մշակի, անասուն պահի: Դուք եթե ինձնից տեխնիկա ուզեք, սուբսիդիաներ ուզեք, պահանջեք՝ կհասկանամ, բայց եթե գյուղում էլ տղամարդը գյուղատնտեսությամբ չպիտի զբաղվի, բա հետո ի՞նչ ենք անելու»: Ապա նախագահը խոստացավ, որ հաջորդ 5 տարիներին Հանրապետական կուսակցությունն այնպիսի պայմաններ է ստեղծելու, որպեսզի անասնապահը եւ հողի մշակը իրենց եկամուտով կարողանան ընտանիք պահել:
Այս ամենից հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ այսօր ինքը չի եկել այդ խնդիրների շուրջ խոսելու, եկել է ժողովրդին հորդորելու, որ մայիսի 6-ին ակտիվորեն մասնակցեն ընտրություններին եւ նպաստեն արդար ընտրությունների կայացմանը: Նա ասաց, որ Հայաստանը կամովին իր արտաքին գործընկերների առջեւ պարտավորություն է ստանձնել լավ ընտրություններ անցկացնելու: Ժողովրդին խնդրեց այդ հարցում իշխանությանն աջակից լինել: Նախագահը հորդորեց քվեարկել ՀՀԿ-ի օգտին, քանի որ կառավարությունը ձեւավորվելու է այն ուժերից, որոնք առավելագույն ձայներ կհավաքեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ