Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ եմ ցանկանում, որ հայ տղան լինի ստեղծարար, այլ ոչ թե USER». Նազենի Հովհաննիսյան

Ապրիլ 30,2012 16:40

Գեղեցիկ տղամարդկանց կանայք սիրում են, խելացիներին պաշտում են, բարիներին՝ սիրահարվում, բայց ամուսնանում են միայն ուժեղների հետ:  Տղաներ պատրա՞ստ եք լսելու կարծիքներ, քննադատություններ և գովեստի խոսքեր ձեր մասին: Աղջիկների արտահայտվելու հերթն է: Նրանցից յուրաքանչյուրը ներկայացրեց 21-րդ դարի հայ տղային յուրովի: Ստորև ներկայացնում ենք կարծիքները.

Դերասանուհի, հաղորդավարուհի և, պարզապես, գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանը 21-րդ դարի հայ տղայի կերպարը սև գույնի մեջ է տեսնում, և  նշում, որ այն երբեմն, անգամ, իսպառ անգույն և անգիծ է: Նա ցանկանում է հայ տղային տեսնել հստակ գծագրված անհատականությամբ, ծիրանագույն ջերմությամբ, պայծառ գույներով: «Շատ եմ ցանկանում, որ հայ տղան լինի ստեղծարար, այլ ոչ թե USER», – շարունակում է Նազենին: Իսկ վերջում ցավով նշում, որ սա մեծամասնության պատկերն է, կան բացառություններ, որոնք սակայն, եզակի են: Անի Օհանյանն էլ է դժվարանում ընդհանուր կարծիք հայտնել բոլորի մասին, քանի որ նա կարծում է, որ յուրաքանչյուրն անհատ է՝ իրեն բնորոշ խառնվածքով ու պահվածքով: Անին միշտ հիանում է տղաների ընկերասիրությամբ և զարմանում՝ նրանց ճիշտ լինելու ձգտման վրա: Միևնույն ժամանակ Անին նշում է, որ տղաների վարքագծում կան դրվագներ, որոնք երբեմն անհասկանալի են, երբեմն էլ՝ հիասթափեցնող: «Կարծում եմ, որ տղաների լավը կամ վատը լինելը մեծապես կախված է աղջիկների վարքագծից, ու նաև նրանից, թե ինչ ենք մենք ուզում տեսնել նրանց մեջ»,- անկեղծանում է Անին: Նշում է՝ կցանկանար, որ տղաներն ավելի համարձակ լինեն:

Ապագա երգչուհի Հելեն Մարգարյանը, փորձելով համեմատել մի քանի տարի առաջվա և այժմյան տղաներին, բազմաթիվ փոփոխություններ է տեսնում: Այդ փոփոխություններից նշում է, որ տղաները սկսել են ավելի շատ հետևել իրենց: Այնուամենայնիվ, Հելենը կարծում է, որ նրանք պետք է դեռևս իրենց կերպարում որոշակի փոփոխություններ կատարեն, ապա ավելացնում, որ ինքը կփոխեր տղաների վարվելակերպը, քանի որ վերջիններս աղջիկների նկատմամբ շատ իշխող են: «Թվում է՝ ինքնավստահ են, բայց, իրականում, այդպես չէ: Նրանք իրենց կոմպլեքսները ծածկելու համար փորձում են գոռոզություն անել»,- նկատում է Հելենը:

Աննան, ով հանդիպել է այն տղամարդուն, ում մեջ ռոմանտիզմն ու ասպետությունը դեռ ապրում են, կարծում է, որ այսօրվա տղամարդկանց մեջից անհետացել է ասպետությունը, չնայած դրանում աղջիկների մեղքն էլ է տեսնում՝ նրանք չափից շատ հասանելի են դարձել: Աննան կարծում է, որ տղաները նախընտրում են լինել այն աղջկա հետ, ով իրենց հետևից է վազում, այլ ոչ թե նրա հետ, ում իրականում սիրում են, բայց վերջինիս հասնելը հնարավոր է միայն փշերի միջով: «Իմ կարծիքով՝ տղաները մոռացել են՝ ի՞նչ է նշանակում «հասնել աղջկան»: Ծաղիկներ նվիրում են միայն տոներին: Դա սխալ է: Այժմ անգամ աղջկան չեն առաջարկում լինել իրենց ընկերուհին: Աղջիկը, պարզապես, ուրիշներից տեղեկանում է, որ ինքն այդ տղայի ընկերուհին է: Տղաներ, ե՞րբ եք վերջին անգամ «վազել» աղջկա հետևից, ով լավ դաստիարակության պատճառով չի կարող տալ իր հեռախոսահամարը: Ո՞ւր են կորել այս ամենը: Սա է իրական ռոմանտիկան և երջանկությունը, մի՛ կործանեք այդ ամենը»,- մեզ հետ զրույցում իր մտքերով կիսվում է Աննա Ամիրխանյանը: Պարզվում է՝ մեր մյուս զրուցակից Արմինե Լազարյանը ընթերցել էր մեր նախորդ նյութը և բավականին բարկացել: Նա տղաներին խորհուրդ է տալիս օրերով սոցիալական ցանցերում ժամանակ չվատնել, իսկ հետո էլ, երբ աղջիկը հաջողակ տղայի ընտրի չասել, որ հայ աղջիկը փողի ու մեքենայի հետևից է վազում: «Հիշե՛ք, տղաներ, ձեզ դուր են գալիս «լավ անցյալով աղջիկներ», աղջիկներին էլ՝ «լավ ապագայով տղաներ»»,- սահմանափակում է իր խոսքը աղջիկների պաշտպան Արմինեն:

Տնտեսագետ Շուշանիկ Միրզոյանը կարծում է, որ 21-րդ դարի հայ տղան շատ սահմանափակ է, ոչ ռիսկային, անհեռատես, իսկ դրա պատճառը հնուց եկող հայկական մտածելակերպն է: Նա կարծում է, որ տղամարդկանց և կանանց միջև չկա հավասարություն, ու նաև կանխատեսում է անում, որ դեռ երկար ժամանակ էլ չի լինի այդ հավասարությունը: «Տղամարդկանց դա դուր է գալիս, քանի որ նրանք կին-տղամարդ «պայքարում» միշտ առավելություն ունեն. դա չգրված  օրենք է»,- ասում է Շուշանիկը: Նա մտածում է, որ տղաները ևս ունեն բազմաթիվ կոմպլեքսներ և նրանք պետք է հասկանան, որ ժամանակն առաջ է գնում, իսկ իրենք դեռ նույն տեղում են:

Լրագրող, հեռուստահաղորդավարուհի Անի Դաշյանը նկատել է, որ 21-րդ դարի հայ տղաներն արդեն քիչ-քիչ դուրս են գալիս երբեմնի «սևի» կերպարից, ինչն ուրախալի է: «Նկատվում է թե՜ արտաքինին ավելի շատ ուշադրություն դարձնելու ձգտումը, թե՜ հիգենիային հետևելը, բայց, միևնույնն է, հայ տղաների մեծամասնությունն իր մեջից չի կարողանում հանել ստրկատիրական մտածելակերպը կնոջ նկատմամբ. կինը չպետք է աշխատի, նա չպետք է հավասար իրավունքներ ունենա և այլն»,- բարձրաձայնում է հաղորդավարուհին: Նա նշում է, որ տղաների մեջ կփոխեր հենց այդ մտածելակերպը, հասկացնելով՝ գենդերային հավասարությունը դեռ չի նշանակում, որ տղամարդը դադարում է տղամարդ լինելուց:

 

Գոհար Խալաթյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30