«Ժառանգություն» կուսակցությունը քիչ առաջ Սուրենավանում էր: Գյուղացիների հետ հանդիպման ընթացքում կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ այս ընտրություններում չի բողոքելու, թե քվեները գողացան, տարան, բայց եթե խախտեն, գողանան, ինչպես եղել է 20 տարի շարունակ, ապա Րաֆֆին լինի նախագահ, թե մեկ ուրիշ թեկնածու, պատասխան է տալու. «Եթե խախտեն, մեզ կգտնեք հրապարակում, իսկ եթե առաջին անգամ մեր նորագույն պատմության ընթացքում Սուրենավանը, Երեւանը, Հայաստանը ունենա սահմանադրական ժողովրդավարական ընտրություններ, կտեսնեք իշխանափոխություն՝ առաջին անգամ 91թ.-ից այս կողմ, որտեղ ընդդիմությունն ու իշխանությունը իրենց տեղերը կփոխեն: Մեր երկիրը կառողջանա եւ գյուղացին կհասկանա, որ սա ոչ սովետ է, ոչ Թուրքիա, այլ Հայաստանի Հանրապետությունն է եւ այս հրապարակը, գյուղը պատկանում է բոլորիս, 1 շաբաթ հետո Նոր Հայաստանում ենք ապրելու»:
Ալեքսանդր Արզումանյանն էլ գյուղացիներին ասաց, որ ողջ «բեսպրեդելը» հենց այս տարածաշրջանից է գալիս. «Այս տարածաշրջանի մասին շատ են խոսում, բեսպրեդելը, ոնց որ այստեղից գա, հովիկներով, ալիկսերգեեւիչներով, դրանց վերջը պետք է տանք: Այս գյուղից պետք է գա ազատ ընտրելու ու կամքը թելադրելու օրինակը: Նոր թիմ է գալիս վերջին 5 տարիների ընթացքում, դուք տեսել եք «Ժառանգության» աշխատանքը, որը ամեն օր կռիվ է տալիս մարդկանց ոտնահարված իրավունքների համար: Վստահ եմ, որ դուք լավ էլ գիտեք, որ շատերը գալիս են ընտրակաշառք բաժանելու, ձեզնից գողացված փողերն են մարում, մաշեցնում են ձեր պարտքը, մենք գալիս ենք ոչ թե «ջիփերով», այլ բաց ճակատով»:
Այս պահին «Ժառանգությունը» ուղեւորվում է Արարատ քաղաք:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ