Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողներից կազմված «Ազատ ուսանողների ֆորումը» այսօր հայտարարությամբ է հանդես եկել, որում նշվում է, որ ԵՊԼՀ Ուսխորհրդի անդամները փորձել են իրենցից վերցնել ստորագրահավաքների ցուցակը, որով «Ազատ ուսանողների ֆորումը» պահանջում է անցկացնել ուսխորհրդի արտահերթ ընտրություններ ։
«Ապրիլի 28-ին ուսխորհրդի անդամներից փորձել են վերցնել ստորագրությունների ցուցակը ուսանողուհու ձեռքից, հրավիրել են նրան դեկանատ և հայտարարել, որ դեկանը (պարզ չէ՝ որ դեկանը) կանչել է բոլորին, ովքեր ստորագրություններ են հավաքում: Ուսանողուհին դիմադրություն է ցույց տվել, որի հետևանքով քաշքշուկ է սկսվել»:
Կատարվածի ականատես ուսանողուհիներից մեկը (անունը չենք հրապարակում իր խնդրանքով) առավել մանրամասն պատմեց այս դեպքի մասի. «Քայլում էի երրորդ հարկով, լսեցի կռվի ձայներ: Մոտեցա, որ տեսնեմ ինչ է կատարվում եւ տեսա հետեւյալ տեսարանը: Ուսխորհրդի անդամներից մեկը՝ Արտակ անունով մի երիտասարդ, եւ մեկ ուրիշ աղջիկ այն աղջկա հետ են կռիվ անում՝ ում ձեռքին էին գտնվում ստորագրահավաքի թղթերը: Հարցրեցի, թե ինչ է կատարվում, ասացին, որ գնում ենք դեկանատ: Պատասխանեցի, որ ոչ մեկս էլ չենք գնալու դեկանատ, ձեր ուզածն ինչ է՞: Ուսխորհուրդցիները պատասխանեցին, թե այդ ի՞նչ ստորագրահավաք եք անում: Ես ասացի, որ այս ամենը արտոնված է եւ օրենքի սահմաններում է: Կարծես չլսելով իմ ասածները այդ տղան սկսեց քաշքշել ստորագրահավաք անցկացնող աղջկա ձեռքից՝ ստիպելով գնալ դեկանատ: Փորձեցի հանգստացնել, չստացվեց:
Որոշ ժամանակ անց մեզ մոտեցավ Օտար լեզուների ֆակուլտետի դեկանը: Ասաց՝ այս ի՞նչ ձայներ եք քցել: Պատասխանեցինք, որ ուսխորհուրդցիներն են մեղավոր, աղջկա հետ վարվելու էթիկա չունեն:
Կարդացեք նաև
Հետո եկավ Նարեկ Սամոսյանը եւ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի հետ իջան ուսխորհուրդ՝ քննարկման: Այնտեղ ականատեսները պատմել են տեղի ունեցածը: Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը լսելով այդ ամենը՝ ասել է, որ ուսխորհուրդը իրավունք չունի միջամտելու ստորագրահավաքին: Ասվել է նաեւ, որ ստորագրահավաքը շարունակվելու է եւ այն անցկացնելու է հենց այն աղջիկը, որի հետ ընդհարում է եղել, եւ եթե ուսխորհուրդ փորձի խանգարել՝ գործ կունենա անձամբ ռեկտորի հետ: Ի դեպ, այն տեսանյութը, որ տեղադրված է կայքերում արդեն հանգստացած ուսանողների կռիվն է»:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ