Գյումրիում Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավը ուղեկցվեց մեծ համերգով` նրա պատվին երգելու էին եկել գրեթե բոլոր աստղերը` Ալլա Լևոնյանը, Արսեն Գրիգորյանները, Զարուհի Բաբայանը և այլք:
Հանրապետության երկրորդ քաղաքում նախագահն խոսեց Գյումրին Հյուսիսային մայրաքաղաք դարձնելուց, և ՀՀԿ-ի փոխարեն գովաբանեց այս քաղաքի բնակչությանը: «Գիտեմ, որ գյումրեցու խոսքը միշտ գրպանն է , ուղիղ խոսքը` ուղիղ ճակատին: Գիտեք շատ բան է փոխվել այս տարիների ընթացքում, ի՞նչը չփոխվեց, հաստատ էդ գյումրեցու բնավորությունն է: Բոլորն ունեն արժանապատիվ և ապահով կյանքի իրավունք, հատկապես գյումրեցին»,-ասաց նախագահը:
«Երբ գյումրեցին ծանր կորուստներից ու ցավալի ընդմիջումից հետո կրկին աշխարհի չեմպիոն է դառնում, և Գյումրին արդեն մարզադաշտ է բացում ու ֆուտբոլային ֆանատների պրոֆեսիոնալ խմբեր կազմում, բոլորիս համար արդեն պարզ է. ոչ միայն ամեն ինչ կորած չէ, այլ Գյումրու համար ամեն ինչ դեռ նոր է սկսվում: Ու այսօր էլ ասում ենք` գյումրեցի ու պատկերացնում ենք` համով, հոտով մարդու, ասում ենք` երկրորդ քաղաք, գյումրեցին կրկին հումորով ուղղում է, թե հայրաքաղաք: Սա վերածնվող Գյումրին է»-շարունակեց նախագահը:
Նա այստեղ ասաց, որ այնպիսի Հայաստան են կառուցելու, որ ամեն ոք հնարավորություն ունենա իրացնել իր հանավորությունները և ոչ թե «լավ կյանքի փնտրտուքով» հայտնվի արտասահմանում: «Մենք ասում ենք` գործելու ենք այնպիսի Հայաստանի համար, որտեղ մարդն ունի աշխատանք ու արժանապատիվ վաստակ, որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է ուսում ստանալ, իսկ յուրաքանչյուր տարեց մարդ կենսաթոշակ, որը կարող է ապահովել արժանապատիվ կյանք», -ընչազուրկ ու գործազուրկ գյումրեցիներին այսպիսի խոստում տվեց նախագահը:
Կարդացեք նաև
Նա այս քաղաքի բնակչությանը նաև տեղեկացրեց, որ Գյումրին համապետական ու հայկական նշանակություն ունեցող քաղաք է, և գյումրեցին ինքը համազգային ու համապետական հարցերի պատասխանատու քաղաքացի է: Այսպես ասաց Սերժ Սարգսյանը ` խնդրելով քվեարկել ՀՀԿ-ի ու նրա թեկնածուների` Արման Սահակյանի ու Աշոտ Աղաբաբյանի օգտին:
Ի նկատի ունենալով, որ Գյումրիում լարված ընտրություններ են սպասվում, արդեն իսկ որոշակի նախընտրական միջադեպեր են տեղի ունեցել, Սերժ Սարգսյանը խոստացավ այնպես անել, որ ընտրությունների օրը Գյումրիում ոչ մի արտառոց միջադեպ տեղ չունենա, և առհասարակ ընտրություններից հետո էլ այնպիսի միջավայր ստեղծել, որ մարդիկ չթշնամանան, լինեն համերաշխ, քանի որ ընտրությունները, նախագահի ձևակերպմամբ, կյանքի ու մահվան խնդիր չեն:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ