Ապրիլի 29-ին Նոյեմբերյանում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ը, իշխանության գալով, ժողովրդից թալանվածն օրենքով սահմանված կարգով վերադարձնելու է ժողովրդին, ավելացնելով. «Այսօր ասում են՝ Ռոբերտ Քոչարյանը 4 միլիարդ դոլար կապիտալ է կուտակել: Ժողովուրդ, քվեարկեք ՀԱԿ-ի օգտին, որովհետեւ ՀԱԿ-ի օգտին քվեարկել նշանակում է Ռոբերտ Քոչարյանին դատարանում լսել, թե որտեղից է նա կուտակել այդ 4 միլիարդ դոլարը: Սերժ Սարգսյանի ախպեր Սաշիկը, որը 1995-96 թվականներին եղել է «ՊԱԶ»-ի վարորդ, մի քանի տարում դարձել է միլիոնատեր: Ժողովուրդ ջան, քվեարկեք Հայ ազգային կոնգրեսի օգտին , որովհետեւ ՀԱԿ-ի օգտին քվեարկել նշանակում է առաջիկա 5 տարում Սաշիկից հաշվետվություն լսել ամեն կոպեկի համար: Բացատրեց՝ բացատրեց, չբացատրեց, ասում եմ՝ գնալու է այնտեղ, որտեղ մի տարի առաջ ես էի: Տիգրան Սարգսյանը՝ վարչապետ կոչվածը, այսօր եկամուտների հայտարարագիր է ներկայացնում, 2012թ. մարտի 1-ի դրությամբ այդ մարդու բանկային հաշիվների վրա 1 միլիոն դոլարի «քյաշ» փող կա: Նա Կենտրոնական բանկի նախագահ է դարձել, եթե չեմ սխալվում, 1998 կամ 99 թվականին, 1999 թվականից առաջ ինչքան ֆոտո ունի՝ նույն ջեմպրը, նույն շորն է հագին, որտեղի՞ց քեզ 1 միլիոն դոլար, Տիգրան, չմտածես թե փախչելու ես պատասխանատվությունից, ժողովրդի առաջ պատասխան ես տալու ամեն լումայի համար»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ