Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Արթիկի կենտրոնական հրապարակում նախքան բուն թեմային անցնելը` ՀՀԿ-ի քարոզչությունն անելը, խոսեց հայ-թուրքական հարաբերությունների մասին` դատապարտելով սահմանակից երկրի մեծամիտ ու գոռոզ կեցվածքը: «Սիրելի արթիկցիներ, դուք ապրում եք Թուրքիայի հետ անմիջական հարևանության պայմաններում, մի երկրի հարևանությամբ, որը անօրինական շրջափակման է ենթակել մեր հայրենիքը, մի երկրի հարևանությամբ, որը միջոցների մեջ խտրականություն չի դնում,մի երկրի հարևանությամբ, որտեղ հայ ժողովրդի հանդեպ գործած ցեղասպանությունը մերժվում է, և ամեն օր կեղծվում է սեփական պատմությունը, մի երկրի հարևանությամբ, որ այսօր էլ շարունակում է այդ հանցագործությունը` ուրանալով պատմական փաստերն ու արդարությունը: Մենք մշտարթուն ենք լինելու և համառ, մարդկության դեմ գործած հանցագործությունը հնարավոր չէ հավերժ ուրանալ, մի օր Թուրքիայում վերջապես կհասկանան, որ որքան շուտ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, այնքան ավելի լավ` քաղաքակիրթ Թուրքիա կառուցելու ճանապարհին: Մենք դատապարտում ենք պատմական փաստերը վիճարկելու միջոցով հայոց ցեղասպանությունը հարաբերական դարձնելու բոլոր փորձերը, այդ ամենին ի պատասխան մենք շարունակում ենք պահանջել արդարություն և հատուցում:Մենք մերժում ենք Թուրքիայի մեծամիտ ու գոռոզ քաղաքականությունը, նրանց օգտագործած թելադրանքի, պարտադրանքի ու նախապայմանների լեզուն»,- ասաց նախագահը: Նա մեկ անգամ ևս կրկնեց, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հավասարը հավասարի հետ բնականոն ու նորմալ հարաբերություններ ստեղծել, որը վայել է հարևաններին ու դրկիցներին:
Սերժ Սարգսյանը նաև հայտարարեց, որ Թուրքիան Արցախի հարցում ասելիք ու անելիք չունի:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ