Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Ընդամենը 30 վայրկյանների ընթացքում կարելի է ազատ, երջանիկ Հայաստանի անկյունաքարը դնել»

Ապրիլ 29,2012 21:49

Այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը նշեց, որ այս ընտրություններով որոշվելու է հայ ժողովրդի ճակատագիրը: «Այս ընտրությունները տարբերվելու են բոլոր մնացածներից: Սա սովորական ԱԺ ընտրություններ չեն. մայիսի վեցին որոշվելու է հայ ժողովրդի ճակատագիրը: Կամ մենք կործանվում ենք, արտագաղթում ենք, ինչը ուզում է այս իշխանությունը, կամ ինքներս ճակատներս բաց ասում ենք` հերիք է էս մարդասպան, մահասպան գործընթացին»,- Հայ ազգային կոնգրեսի` Վանաձոր այցի ընթացքում դիմելով վանաձորցիներին` ասաց Արամ Մանուկյանը:

Արամ Մանուկյանի խոսքով այսօր ԱԺ-ում 70-80  պատգամավոր կա, որ ոչ գրել գիտի, ոչ կարդալ, ոչ  խոսել, ոչ էլ 10-12 տարվա ընթացքում մի բառ է ասել.«Եվ  այդ մարդիկ մեր ճակատագիրն են որոշում, այդ մարդիկ են կազմակերպում այս անգրագիտության տարածումը, բանակի այլանդակությունների տարածումը, արտագաղթը, գների թանկացումը, որովհետեւ բացի իրենց  վիզը հաստացնելուց, գրպանները լցնելուց` այդ մարդիկ այլ խնդիր  այս երկրում չունեն»:

Նիկոլ Փաշինյանն էլ իր ելույթում կոչ արեց վանաձորցիներին ոչ մի դեպքում իրենց ձայնը չտալ գործող իշխանությանը: «ՀԱԿ-ը միակ քաղաքական ուժն է, որը մարտի մեկի հանցագործության բացահայտման խնդիր է դնում: Մարտի մեկի զոհերին սպանելիս այդ սպանվածների անուն-ազգանունները չեն իմացել: Սա նշանակում է, որ այստեղ ներկա ցանկացած մարդու իրենք պատրաստ են սպանել: Այն ժողովուրդը, որ իրեն սպանողին ձայն կտա, այդ ժողովուրդը իրեն ապագայից է զրկում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀԱԿ-ը միակ քաղաքական ուժն է, որ քաղաքական պայքարի ընթացքում խնդիր է դնում  բացահայտելու հոկտեմբերի 27 –ի  հանցագործությունը: «Մենք պետք է հասկանանք, թե այսօրվա իրավիճակը ինչի արդյունքն է: Սրանք իրենց նախկին հանցանքները պարտակելու համար ստիպված են ամեն անգամ ավելի ու ավելի մեծ հանցանքներ գործել, եվ դրանք պարտակելու համար ստիպված են մեզ ավելի ու ավեի շատ թալանել»:

Փաշինյանը կոչ արեց վանաձորցիներին իրենց ձայնը տալ ՀԱԿ-ին ու ՀԱԿ-ի թեկնածուներին` խոստանալով հայ քաղաքացուն արժանապատիվ կյանք: «Ընդամենը 30 վայրկյանների ընթացքում կարելի է  ազատ, երջանիկ Հայաստանի անկյունաքարը դնել, ստղծել մի իրավիճակ, երբ այդ լֆիները, նեմեցները, ռոբիկները, սերժիկները կանգնեն ժողովրդի առաջ եւ բոլոր արած հանցանքների համար պատասխան տան: Տվեք մեզ այդ լիազորությունը, եւ մենք ձեզ խոստանում ենք վերականգնել արդարությունը, վերականգնել  թալանվածը, մենք խոստանում ենք, որ ՀՀ քաղաքացին լինելու է արժանապատիվ, ազատ ու երջանիկ»:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30