Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. «Մենք տեր ենք բացթողումներին ու թերություններին»

Ապրիլ 29,2012 20:25

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ՀՀ նախագահ  Սերժ Սարգսյանը քարոզարշավի էր եկել Շիրակի մարզ: Նրա առաջին կանգառը Մարալիկում էր, որտեղ այնպիսի  հորդառատ ու սառը անձրև էր տեղում, որ նույնիսկ նախագահը վատ զգաց դպրոցահասակ երեխաների  մասնակցությունից: «Սիրելի մարալիկցիներ,  կներեք, որ այս հանդիպման պատճառով երեխաները կարող են թրջվել անձրևից»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ նախագահը ևս թրջվեց, քանի որ բեմում ելույթ  էր ունենում առանց անձրևանոցի: Մարալիկի հրապարակը, շնորհիվ երիտասարդ քաղաքապետի`ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանի,  բավականին մարդաշատ էր, սակայն պարզվեց, որ հավաքվածների  մեծ մասը եկել էին ոչ թե ստիպողաբար, ինչպես Գյումրիում ու Արթիկում, այլ ինքնակամ, եկել էին  բողոքի: Նրանք հիմնականում դժգոհում էին սոցիալական պայմաններից, բազմաբնակարան շենքերի կտուրների կաթկթոցից:

Շիրակի մարզի հոգսաշատ ու  ամայացող 3-րդ քաղաքում  նախագահը տնտեսական զարգացման խոստումներ տվեց` հայտարարելով, որ տեր է բացթողումներին: «Հանրապետականը միշտ եղել է ձեր կողքին բոլոր տարիներին  և աշխատել է ձեզ հետ միասին:  Հանրապետականը ազնիվ է եղել իր նպատակադրումներում, ազնիվ է եղել իր ծրագրերում և գործերում: Մենք երբեք մեր արածից չենք հրաժարվել, այո , մենք ունեցել ենք բացթողումներ, բայց տեր ենք մեր այդ բացթողումներին և թերություններին ևս: Միևնույն ժամանակ հանրապետականը տեր է բազմաթիվ ձեռքբերումների ու նվաճումների, որոնցով մենք ավելի ուժեղ ենք դարձել: Հանրապետականը շատ բան է արել, բայց դեռ ավելին ունի անելու , այսօր մեր քաղաքական ուժը անհամեմատելի է իր փորձով, տարածումով և ժողովրդականությամբ», -ասաց նախագահը` շեշտելով, որ երկրում չկա գեթ մի համայնք, որի խնդիրներին Հանրապետականը անդրադարձած չլինի:

Այնուհետ նա խոսեց փոփոխություններից, ասաց, որ  տնտեսական աճից  այսուհետ անցնելու են  տնտեսական հաջողությունների, որը հասանելի ու շոշափելի կդառնա յուրաքանչյուր քաղաքացու համար: «Դա նշանակում է ավելի զարգացնել արտադրական հնարավորությունները, որպեսզի նոր ասպարեզ բացվի յուրաքանչյուր աշխատունակ մարդու համար, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է ի վիճակի լինի արժանապատվությամբ վաստակել իր և իր ընտանիքի ապրուստի համար անհրաժեշտ միջոցները: Տնտեսական քաղաքականության փոփոխության շնորհիվ մենք որդերգրել ենք արդյունաբերական նոր մոտեցումներ, որոնց շնորհիվ ներգրավում ենք նոր տեխնոլոգիաներ և նոր ներդրումներ: Այնտեղ որտեղ հնարավոր է , փորձում ենք ներմուծումը փոխարինել տեղական արտադրությամբ, միևնույն ժամանակ փորձում ենք Հայաստանում կազմակերպել այն արտադրությունները, որոնք կարող են սպառում գտնել մեր երկրում և պահանջարկ ունենալ արտասահամանում: Մեր կարևորագույն նպատակներից մեկն է կերպարանափոխել տնտեսությունը , ապրանքներ ներկրող տնտեսությունից մենք պետք է վերափոխվենք ապրանքներ ու ծառայություններ արտահանող տնտեսության:Մենք չունենք նավթ ու գազ և մեր հիմնական հարստությունը մեր մարդկային ռեսուրսն է, մեր մարդկանց տաղանդը »,-ասաց նախագահը:

Եվ երբ նա հեռանում էր, նրան ուղղակի բողոքախեղդ արեցին, չնայած անվանգության աշխատակիցները ամեն ինչ անում էին, որպեսզի   քաղաքացիները չմոտենան  նախագահին, նույնիսկ լրագրողներին էին արգելում ձայնագրել Սերժ Սարգսյանի ու դժգոհող մարալիկցիների զրույցը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30