Ուրբաթ օրը «Ա1+»-ի եթերում ՀԱԿ ներկայացուցիչ, ԿԸՀ նախկին անդամ Ֆելիքս Խաչատրյանն ասաց, որ հորդորել ժողովրդին` ստացեք ընտրակաշառքը եւ դեմ քվեարկեք իշխանությանը, խիստ անբարոյական եւ անարդյունավետ ճանապարհ է:
Դրանից մի քանի ժամ առաջ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը Գորիսում կոչ արեց` վերցնել ընտրակաշառքը եւ, այնուամենայնիվ, կողմ քվեարկել Հայ ազգային կոնգրեսին : Այդ երկու` իրար տրամագծորեն հակասող կարծիքները ես մեջբերում եմ ոչ թե այն պատճառով, որ ուզում եմ այդ քաղաքական ուժի մոտ ընդգծել միասնական քաղաքական գծի բացակայությունը: Դրան կարելի է հեշտությամբ հակադարձել, որ ՀԱԿ-ը ժողովրդավարական կառույց է, եւ կարծիքների բազմազանությունն այնտեղ խրախուսվում է: Վերջերս. օրինակ, Վարդան Օսկանյանն էլ ասաց, որ իր եւ Գագիկ Ծառուկյանի տեսակետների տարբերությունը ԲՀԿ-ի հարստությունն է:
Ոչ, ես ուզում եմ հասկանալ, թե որն է իրականում ճիշտը` կոնֆիկտի մեջ մտնել փող բաժանող իշխանավորի հետ եւ հրաժարվել փողից, թե վերցնել փողն ու քվեարկել, ի հեճուկս դրա, խղճի մտոք:
Այս հարցի վերջնական պատասխանը ես չունեմ: Կաշառք (այդ թվում ընտրակաշառք) վերցնելը հանցագործություն է: Հանցագործի խիղճը, այսպես թե այնպես, հանգիստ չէ: Վերցնել եւ դրանից հետո քո հանցակցին խաբել, չկատարել նրա պայմանը` դրա համար պետք է առնվազն արկածախնրային ինչ-որ ջիղ ունենալ: Մյուս կողմից, եթե դու կռիվ ես տալիս իշխանության ներկայացուցչի հետ եւ ասում ես` պետք չէ ինձ քո կաշառքը, դու կարող ես հայտնվել ինչ-որ սեւ ցուցակի մեջ եւ հետագայում ունենալ անախորժություններ: Այնպես որ այս հարցում ես կուզենայի իմանալ ընթերցողի կարծիքը:
Կարդացեք նաև