Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ ջան, բալա ջան, գոնե ավանդս տուր, մեղք եմ, պարտքերս տամ»

Ապրիլ 29,2012 19:00

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քարոզարշավի էր եկել Շիրակի մարզ: Նա իր այցը սկսեց Մարալիկ քաղաքից , եղավ Արթիկում, Աշոցքում, Գյումրիում, շրջագայեց  նաև գյուղերը: Ամենուր նույն սցենարով էին ընդունում նախագահին. լեփ-լեցուն հրապարակներ, որտեղ մեծամասամբ  դպրոցահասակ երեխաներն էին, ցուցապաստառներ, որոնցում երախտիքի խոսքեր էին ուղղված Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին:

Սակայն Շիրակի մարզի Ազատան գյուղը իր ընդունելությամբ շատ տարբերվեց  մյուսներից. ազատանցիները գյուղովի եկել էին նախագահին բողոքելու, դեմերես քննադատելու ու գյուղացիների հիմնախնդիրները ներկայացնելու: Այստեղ նախագահը ելույթ չունեցավ , բնակիչներին չխնդրեց ընտրել ՀՀԿ-ին, այլ ստիպված եղավ լսել նրանց: Սերժ Սարգսյանի` Ազատանի նորակառույց մշակույթի  տան մոտ հասնելուն պես, մի ծեր կին կանգեցրեց նրան`ասելով. «Սերժ ջան, բալա ջան, էդ  որ անցած անգամ խոստացար ավանդս տալ ու չտվեցիր, հեչ չե՞ս մտածում, որ պարտքերի մեջ եմ թաղվել, գոնե մի բան արա տուր, պարտքերս տամ»: Նախագահը ձեռքով կանչեց իրեն ուղեկցողներից  մեկին` հանձնարարելով գրի առնել տատիկի անուն-ազգանունը: Սակայն բողոքները սրանով չավարտվեցին. գյուղացիները  նախագահին մոտ կանգնածներին բղավում էին` «մի հատ պարարտանյութից խոսեք,  ի՞նչ ենք կանգնել, մի հատ էլ ասեք, թե ինչու՞ են դիզվառելիքի գները ոսկու գին դարձրել, էս ի՞նչ բան է»: Երբ գյուղի ծերերից մեկը զայրացած հարցրեց դիզվառելիքից ու թանկացումներից, Սերժ Սարգսյանը,  ինչ- որ տեղ անակնկալի գալով ազատանցիների համարձակությունից, ժպտալով պատասխանեց. «Ե՞ս եմ թանկացնողը»:

Պարարտանյութերի հետ էլ կապված նախագահն Ազատանի գյուղապետ Վարդան Իկլիկյանից հետաքրքրվեց` մի՞թե գյուղացիներին չի հասել կառավարության կողմից տրամադրվող սերմնացուն: «Հասել է, իհարկե հասել է»-պատասխանեց գյուղապետը ու շրջվելով  դեպի գյուղացիները խորհուրդ տվեց ճիշտ ձևակերպել հարցադրումը` «Ասեք, որ հատկացվող քանակը ոչ  բոլորիդ է բավարարել»: Ինչևէ,  նախագահի պատվին մեծ հյուրասիրություն էին կազմակերպել մշակույթի տան դիմաց, ճոխ սեղան էին գցել: Սերժ Սարգսյանը  վերցրեց կոնյակի բաժակն ու խմեց գյուղացիների կենացը: Ու մինչ նա կօգտվեր սեղանից, նրանից ընդամենը 1-2 մետր հեռավորության վրա  ազատանցի ծերունիները իրենց բողոքն էին ներկայացնում ԶԼՄ-ներին: Վերջիննես այնպես  բարձր էին դժգոհում, որ Սերժ Սարգսյանը պարտադիր լսի: Նույնիսկ բանը հասավ նրան, որ նախագահի անվտանգության աշխատակիցներից մեկը մոտեցավ բողոքավորներին ու առաջարկեց. «Լրագրողներին մի  բողոքեք, բողոքի տեղը  սա չէ, , այ էնտեղ է, որտեղ նախագահն է կանգնած, գնացեք ձեր հարցերը բարձրացրեք»: Ի պատասխան,  ծերունիները վրա տվեցին, թե ե՞րբ թողեցիք մոտ գնալ, որ չգնացինք: Ինչևէ, ծերուներիները դժգոհում էին, որ գյուղը այս նախագահի օրոք լրիվ անտեսվել է: «Չգիտե՞ն, թե գարնանացանի համար ինչքան պարարտանյութ է անհրաժեշտ, էդքանը տվին , պրծան հա՞, բա էդ ավանդը, որ չեն տալիս, գոնե լավ է մյուսները գալիս ավանդների վերադարձման մասին են խոսում, էս մարդը հեչ ծպտուն չի հանում , չի ասում  եթե ավանդները հիմի չվերադարձնեն, բա ե՞րբ պիտի էլ տան, գերեզմանոցու՞մ: Ահագին փարա ունեմ բանկը գցած, եթե հիմա պտի  ցամաք հաց չուտեմ, էլ երբ ուտեմ: 5000 դրամ գազի պարտք ունեմ, գազի մարդը օրական 4 անգամ դուռս է ծեծում, բայց մեր հալալ աշխատանքը ինչ ձևի կերան»: Ծերունիներից մեկն էլ ասաց.«Կընտրենք իրան, տեսնենք պտի լավանա՞»: Մյուսներն էլ վրա տվեցին. «Հասարակ գյուղացուն ընտրենք նախագահ ավելի լավ կմտածի մեր մասին, քան իրանց, մի միլիոն ժողովուրդ է մնացել, չեն կարող պահել, բա ամոթ չէ՞»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30