Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պետրոս Մակեյանն իր ՕԵԿ-ական մրցակցին. «Հունան ջան, ախպեր ջան, քեզ խաբել են, ինչքան շուտ հետ կանգնես ՕԵԿ-ից , էնքան քո օգուտ է»

Ապրիլ 28,2012 23:51

Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում Մեղրաշենի ՕԵԿ-ական գյուղապետ Հունան Պետրոսյանի հետ քաղաքական բանվեճի մեջ մտած «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը նրան ուղղակիորեն հորդորեց. «Թիվ 36 ընտրատարածքում առաջադրված երեք թեկնածուներին էլ մոտիկից ճանաչում եմ: Հունան Պետրոսյանն իմ պաշտոնավարման տարիներին գյուղապետ է ընտրվել, աշխատող մարդ է, որևէ խնդիր չկա: Մյուսների` Վարագյան Մխիթարի ու Մուշեղ Պետոյանի հետ նորմալ հարաբերությունների մեջ եմ, ես մարդկայնորեն անձնական որևէ խնդիր չունեմ նրանց հետ, նույն հողի, ջրի մարդ ենք:Բայց Հունան Պետրոսյանի միակ թերությունն էն է, որ ինքը սխալ ընտրություն է կատարել կուսակցական պատկանելության հարցում: Գիտե՞ք ինչ, Արթուր Բաղդասարյանը փոքր է, հիմի դարձել է մեծ օլիգարխ. Ոսկեվազ գյուղում հսկայական գործարան է սարքել և նրա պահեստներում մնացած ջեմը, մուրաբեն առանց անհարմար զգալու բերում է խեղճուկրակ ժողովրդին է բաժանում` մարտի 8-ի կապակցությամբ, նախընտրական քարոզչություն է անում: Էդ մարդու որակը ես տեսել եմ 95 թվականին: Ես դրա մասին չեմ ուզում ծավալվել, Հունան ջան, ախպեր ջան , դու սխալվել ես, ինչքան շուտ հետ կանգնես, էդքան քո օգուտն է»:

Եվ երբ Հունան Պետրոսյանը փորձեց ընդհատել պարոն Մակեյանին, բանավեճը վարող Ռուբեն Մեհրաբյանն անմիջապես սաստեց` նախազգուշացնելով չընդհատել խոսողին: Իսկ Մակեյանը հավելեց. «Դուք ինձ երբեք չեք ընդհատել, հիմի ինչի՞ եք ուզում ընդհատել»:

Այնուհետ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահը խորհուրդներ տվեց ՕԵԿ-ական թեկնածուին: «Պարոն Պետրոսյանը ինքը խոստովանեց, որ համայնքապետերը իրեն աջակցում են, ճի՞շտ է , դա նշանակում է , որ վարչական լծակները հստակ օգտագործվում են իր օգտին, բայց ես ասեմ, համայնքի ղեկավարները քեզ քցելու են, կեսը արդեն քցել են, աշխատում են Հանրապետական թեկնածուի համար, էդ իմացիր: Գալիս կողքդ կանգնում են՝ ասում են մեր ձայնը քեզ ենք տալու, բայց արդեն քո կողքը չեն: Նույնն էլ իմ գյուղի` Փանիկի գյուղապետը` իմ մանկության ընկեր, քեզ 600 ձայն է խոստացել, ինքը վեց ձայն չունի: Ասա որտեղի՞ց ես տալու, եթե Փանիկից ձայն տանես, էդ քո շնորհքով, բարեկամությամբ, մնացածն էլ եղբորդ ազդեցությամբ կտանես, գյուղապետից դու ձայն չես ստանա, ինքը իր տանն ձայնն էլ քեզ չի տա»,- ասաց Պետրոս Մակեյանը:

Նշենք, որ ՕԵԿ-ական թեկնածուն Արթիկի ոստիկանապետի եղբայրն է: Ի պատասխան ՀԱԿ-ի ներկայացուցչի քննադատության, Մեղրաշենի գյուղապետն ասաց, որ իր համար անհասկանելի է, թե ինչո՞ւ է Մակեյանը այդքան լարված իր կուսակցության առաջնորդի դեմ և նաև իր համար պարզ չէ, թե ՀԱԿ-ն ինչպե՞ս է համագործակցում այս երկրում ամենաշատը ընտրակաշառաք բաժանող քաղաքական ուժի հետ: Ի նկատի ուներ ԲՀԿ-ի հետ միասնական շտաբի մեջ մտնելը: «Ես երկար տարիներ եղել եմ անկուսակցական, մտել եմ «Օրինաց երկրի» մեջ, և կարծում եմ, որ ճիշտ կուսակցության մեջ եմ մտել, ճիշտ գաղափարական ուղու վրա: Փանիկի գյուղապետն էլ ինձ 600 ձայն չի խոստացել, և գտնում եմ, որ ձայները նրա գրպանը չեն դրված, որ հանի ու տա»,-հակադարձեց Հունան Պետրոսյանը: Պետրոս Մակեյանը արձագանքեց. «Ես եմ քեզ փոխանցում Փանիկի գյուղապետի խոսքը»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30