Լրահոս
Օրվա լրահոսը

Ջազմենը մտաբերեց Քլինթոնին. Ջազն ունի ավելի մեծ նշանառություն, քան բոլոր դեսպանների ճառերը

Ապրիլ 28,2012 23:40

Աշխարհահռչակ ամերիկացի կոմպոզիտոր, դաշնակահար Հերբի Հանկոկի նախաձեռնությամբ  ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 30-ը ճանաչել է Ջազի միջազգային օր, որն այս տարի կնշվի առաջին անգամ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքում զետեղված հարցազրույցում լեգենդար ջազմենը մանրամասնել է իր ձեռնարկի նախապատմությունը. «2011թ. հուլիսից նշանակվելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան` ես որոշեցի իմ եռանդն ու ժամանակը նվիրել խաղաղության մշակույթին: Եվ ահա հեղինակեցի մի նախագիծ, որը համաշխարհային լսարանին ներկայացնում էր այն արժեքները, որոնք ջազն է փոխանցում: Նախագիծն արժանացավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի հավանությանը եւ այսպես հիմնադրվեց  Ջազի միջազգային օրը: Կարծում եմ, որ  այս նոր տոնը կբազմապատկի հետաքրքրությունը դեպի ջազը` հատկապես երիտասարդների շրջանում»:

Հերբի Հանկոկը,  որ Ջազի դասական Թելոնիուս Մոնկի անունը կրող ինստիտուտի նախագահն է եւ տարիներ շարունակ զբաղված է երաժշտական կրթության խրախուսմամբ, հավելել է. «Երաժշտությունը, մասնավորապես ջազը, որը նաև իմպրովիզացիա է, օգնում է աշակերտներին ինքնարտահայտվել: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այն աշակերտները, որոնք ստանում են երաժշտական կրթություն, լավագույն արդյունքներ են դրսևորում նաև այլ առարկաներից` մաթեմատիկա, գրականություն և այլն: Որովհետև երաժշտության ուսուցումը նրանց օժտում է ինքնագնահատման ունակություններով: Ես շատ կարևոր եմ համարում այն, որ ջազի միջոցով երիտասարդներին փոխանցվում են մարդասիրական արժեքներ,  հիմնականում` փոխըմբռնում, երկխոսություն և փոխադարձ հարգանք»:  Ջազմենը թվարկել է այդ արժեքները. «Յուրաքանչյուր վայրկյանն ապրել լիարժեք, աշխատել թիմով և հատկապես հարգել դիմացինին :  Ջազն իր մեջ ճշտորեն մարմնավորում է ազատությունը, որովհետև նրա արմատները հասնում են մինչև ստրկատիրություն :  Ավելին` ջազի համար ամբողջապես խորթ են դատապարտումն ու մրցակցությունը : Երբ դու ջազ ես նվագում` երբեք չես դատում կամ մեղադրում քեզ հետ միաժամանակ նվագողին :  Ինչպիսին էլ որ լինի քեզ նվագակցողը` դու նրան երբեք չես ասում` ինձ դուր չեկավ քո նվագը»:

Արվեստագետը  ջազը բորոշել է իբրեւ երկխոսություն է եւ բերել մի օրինակ. «1998թ. նախագահ Քլինթոնը դիմեց «Թելոնիուս Մոնկ» ինստիտուտին` Միացյալ Նահանգների մշակույթը Երկու Ամերիկաների գագաթնաժողովին ներկայացնելու խնդրանքով : Գագաթնաժողովը, որին ներկա էին գնվելու Հարավային և Հյուսիսային Ամերիկաների քաղաքական ղեկավարները, տեղի էր ունենալու Չիլիում :  Բեմից ես հետևում էի դահլիճում գտնվողներին, որոնք ժամանել էին  աշխարհի տարբեր երկրներից: Տեսա, թե ինչպես էր հանդիսատեսը կամաց-կամաց լիցքաթափվում, ինչպես անտեսանելի սահմանները փլուզվեցին,  եւ  երջանկությունը տիրեց ողջ դահլիճին : Հաջորդ օրը նախագահ Քլինթոնն ինձ ասաց, որ խաղաղության եւ  միջմշակութային երկխոսության առումով ջազն ունի ավելի մեծ նշանառություն` քան բոլոր քաղաքական գործիչների ու դեսպանների ճառերը միասին վերցրած»:

Նա հավելել է, թե  ջազի արմատներն ընկած են մարդկային պատմության հիմքում , այդ պատճառով կուզենար օրերից մի օր ջազը գրանցված  տեսնել  ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ոչ նյութական ժառանգության ցուցակում : Գրանցված կուզենար տեսնել նաեւ վայրերը, ուր ծնվել է ջազը` Միսիսիպիի  նավաբեռնարանների բանվորների ագարակները, Նոր Օռլեանը, Չիկագոն, Նյու-Յորքը…

Այն դիտարկմանը, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ում իր առաքելությունը սերտորեն կապվում է համաշխարհային ժառանգության հետ, Հերբի Հանկոկը պատասխանել է.  «Իմ կարծիքով համաշխարհային ժառանգությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի լուսատու ծրագրերից է : Համաշխարհային ժառանգության վայերը ոչ միայն համաշխարհային մշակույթի գանձարան, այլ նաև խորհրդանշական վայրեր են ժողովուրդների պատմության տեսանկյունից և կարևոր են գալիք սերունդներին փոխանցվելու առումով : Որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան ես ճամփորդեցի հարավ-արևելյան Ասիայով  և առիթ ունեցա այդ հրաշալի վայրերից մի քանիսը սեփական աչքերով տեսնել Ինդոնեզիայում ու Կամբոջայում : Օրինակ, Կամբոջայում, ես հասկացա, որ այդ հնավայրերը ոչ միայն հիշողության պահապաներ, այլ նաև ավանդական արհեստագործության և մշակութային տուրիզմի կենտրոններ են, որոնք նպաստում են աշխատատեղերի ստեղծմանն ու առաջընթացին: Շատ տպավորված եմ տեսնելով, թե ինչպիսի միջազգային համագործակցություն է ծավալվում` հանուն այդ վայրերի պահպանության: Տեսա, թե ինչպես է աշխարհում կառուցվում խաղաղությունը` մեր բոլորի ջանքերով: Որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան` հույս ունեմ նաեւ իմ քարը դնել խաղաղության շենքին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30