Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կարծիքով Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու քվեն զենք է եւ այն պետք է ճիշտ օգտագործել:
Ապրիլի 28-ին նախըտրական քարոզարշավի շրջանակներում վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը նշեց, որ մեկ շաբաթ ունենք` առանց ցնցումների, առանց լարված իրավիճակի, լարումի ազգի մեջ փոփոխություն բերելու. «Այդ քվեն` զենքը, մենք իրավունք չունենք վաճառելու, մենք իրավունք չունենք այն պահ տալ ուրիշին, որովհետեւ այդ զենքը կհայտնվի ուրիշի ձեռքում` մեր դեմ կրակելու, ինչպես կրակում է երկու տասնամյակ ավելի»:
Հրանտ Մարգարյանը կոչ արեց վանաձորցիներին տեր լինելու իրենք ձայներին, քանի որ, ըստ նրա, քվեի զենքը միայն կարող է զարգացում ու առաջադիմություն ապահովել. «Եթե մեզ չեք քվեարկելու՝ ում որ քվեարկեք, ձեր կյանքում բան չի փոխվելու, ձեր հոգսերից բան չի պակասելու, ձեր հարցերից որեւէ բան չի լուծվելու: Մենք չենք կարողանում հոգատարություն տեսնել մեր իշխանություններից, մենք տեսնում ենք աղքատություն, եւ վերջ չկա այդ աղքատությանը: Մենք տեսնում ենք արտագաղթ, տեսնում ենք` մարդիկ լքում են այս երկիրը, որովհետեւ այս ժողովրդի նկատմամբ հոգատարություն ցույց տվող չկա, որովհետեւ չկա մեկը, որ մտածի` ինքը այս երկրում պետք է ապրի ժողովրդի հետ միասին, եւ դուք ձեր քվեով պիտի փոխեք իրավիճակը»,-նշեց Հրանտ Մարգարյանը:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի խոսքերով միայն Դաշնակցությունն է հավատում , որ պետությունը պարտավոր է ունենալ իր դերակատարությունը տնտեսական բնագավառում:
Կարդացեք նաև
Նա նշեց, որ Դաշնակցությունը պետք է լինի Աժ-ում, որովհետեւ կարեւորը ՀՅԴ ծրագրերի իրականացումն է, ոչ թե առանձին անձերի պատգամավոր դարձնելը:
«Մենք անձերի համար չէ, որ պայքարի ենք դուրս եկել: Նպատակը ոչ մեկի պատգամավոր դարձնելը չէ, մենք պայքարի ենք դուրս եկել, որպեսզի մարդկանց ուղարկենք խորհրդարան, հանձնարարենք, պարտականություն դնենք, որ երկրի եւ ժողովրդի հոգսերի նկատմամբ ունենա պատասխանատվություն, որպեսզի Դաշնակցության ծրագրերը հետապնդի ԱԺ-ում»,-ասաց Հրանտ Մարգարյանը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ